Հունվարի 25-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 075 154-ի: Մեկ օրում արձանագրվեց վարակի 15 762 նոր դեպք: Կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, ընդհանուր՝ 14 774: Դրականության օրական ցուցանիշը կազմեց 21.24%:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ երեկվա դրությամբ երկրում կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի շրջանառությունը կազմում էր ընդհանուր դեպքերի 90%-ի։ Ըստ վարակաբանի, եթե մարդու մոտ առկա են շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններ, նա չպետք է սպասի թեստի դրական արդյունքի, պետք է անհապաղ ինքնամեկուսանա։
Գամկղրելիձեն նաև հայտարարել էր, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի համակարգային թեստավորումը ժամանակավորապես կդադարեցվի առանց ախտանշանների քաղաքացիների համար։ Սա կվերաբերի ինչպես արագ հակագեն թեստին, այնպես էլ PCR թեստավորմանը։
Գամկղրելիձեն հայտնել է նաև, որ «կանաչ անձնագրեր» չեն տրվի նրանց, ովքեր գտնվել են ընտանեկան բժշկի հսկողության տակ և թեստ չեն հանձնել, այլ կտրվեն նրանց, ովքեր թեստավորվել են, սակայն տարբեր պատճառներով թեստի արդյունքները չեն արտացոլվել տվյալների բազայում:
Երեկ՝ հունվարի 25-ին կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո՝ օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն հայտարարեց, որ Վրաստանում 50-ից բարձր տարիքի քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն երրորդ «բուստեր» դեղաչափով, կստանան 100 լարի (մոտ 32 դոլար) հավելավճար։ Ղիբրաձեն նաև հայտնել է, որ այս պահին լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվի։
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան էլ հայտարարեց, որ Վրաստանում հիվանդանոցային ռեսուրսները դեռևս բավարարում են կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին հավուր պատշաճի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Փոխնախարարի խոսքով՝ երկրում գործում է առցանց ծառայություններ մատուցող 102 հիվանդանոց, ինչպես նաև ակտիվ աշխատում է 15 22 համարի թեժ գիծը, որին, ի դեպ, նախորդ օրը ստացվել են ռեկորդային քանակի զանգեր։
Երեկ Վրաստանում քննարկման առիթ էր դարձել Թբիլիսիի մետրոյում ոստիկանի կողմից ծեծի ենթարկված հաշմանդամություն ունեցող անչափաաս քաղաքացու միջադեպը:
Հունվարի 24-ին TV Pirveli-ն կարդրեր էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանը ծեծում քաղաքացուն։ Կադրերում լսվում է նաև, որ ոստիկանին ասում են քաղաքացու հաշմանդամություն ունենալու մասին` խուլ ու համր է:
Բռնության կադրերում երևում է, որ մոտակայքում կանգնած է մեկ այլ ոստիկան, սակայն չի միջամտում գործընկերոջ գործողություններին։
Արդեն կեսօրին՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում «Դրոա» և «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ո՛չ ոստիկանությանը», «Ո՛չ բռնությանը» պաստառներով ու կոչերով ցույց սկսեցին անցկացրել։
Ըստ ցուցարարների՝ երկու ոստիկանների ձերբակալությամբ խնդիրը չի լուծվի։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Թբիլիսիում անշարժ գույքի (բնակարանների, առանձնատների և այլն) գների ցուցանիշը 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ աճել է 8,5 տոկոսով։
Հունվարի 25-ին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հասարակական կազմակերպությունը հրապարակել էր կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: Զեկույցում ամփոփված են 180 երկրների տվյալները: Այս համաթվով երկրները կարող են ստանալ 0-ից մինչև 100 միավոր: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է երկրում կոռուպցիան:
Վրաստանը 55 միավորով զբաղեցնում է 45-րդ տեղը և առաջին տեղը տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա)։ Միևնույն ժամանակ, անցած տարվա համեմատ Վրաստանի ցուցանիշը նվազել է մեկ միավորով։
Մառնեուլիի մունիցիպալիտետի պաշտոնական էջից էլ տեղեկացանք, որ երեկ՝ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրն այցելել է Մառնեուլի։ Դեսպանին հյուրընկալել է Մառնեուլիի մունիցիպալիտետի ղեկավար Քենան Օմարովը։
Երեկ՝ հունվարի 25-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին կմասնակցի հունվարի 26-ին նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC) նիստին։
Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Քելի Դեգնանը հայտարարություն էր տարածել:
Ընդարձակ հայտարարության մեջ դեսպան Դեգնանը խոսել էր այս ընթացքում երկու երկրների հարաբերությունների մասին և, թե ինչու է Վրաստանը կարևոր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։
«Վրաստանի անկախության վերականգնումից ի վեր ամերիկյան ժողովուրդը համերաշխ է վրաց ժողովրդի՝ ազատ և ինքնիշխան երկիր ունենալու ցանկության հետ», — ասել էր Դեգնանը: