Հունվարի 24-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 059 392-ի: Մեկ օրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 7 947 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում էր 22.65%:
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարեց, որ չնայած կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածվածությանը՝ այն «դելտայի» համեմատ ավելի հանգիստ ընթացք ունի, և դա է պատճառը, որ այս պահին հիվանդանոցների մահճակալների 55%-ն ազատ է։ Այնուամենայնիվ, փոխնախարարը գործատուներին հորդորել է հնարավորության դեպքում անցնել աշխատանքային հեռավար ռեժիմի:
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով Վրաստանում համաճարակային հետագա իրավիճակը դժվար է կանխատեսել, ուստի համաճարակաբանները, հատկապես տարեց բնակչությանը, կոչ են անում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի այսպես կոչված խթանիչ դոզան:
Թբիլիսիում «Ոսկու բորսայի» տնօրեն Էթեր Կղիփիանին հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ մինչև փետրվարի 1-ը շուկան փակվում է։
Հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում «Հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի» հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին հայտարարեց, որ համաճարակի սկսվելուց հետո հյուրընկալության ոլորտում աշխատող որակյալ անձնակազմի 30%-ը լքել է Վրաստանը, իսկ ոմանք տեղափոխվել են այլ ոլորտներում աշխատելու։ Ալավերդաշվիլիի խոսքով՝ արտագաղթը պայմանավորված է հյուրընկալության ոլորտում համաճարակի պատճառով ստեղծված անկայուն միջավայրով:
Վրաստանում 4 նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ իսկ պատճառով կառավարության երեկ՝ հունվարի 24-ին կայացած նիստին ներկա են գտնվել նախարարների միայն մի մասը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ անհրաժեշտ է համարել 50 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը խրախուսող միջոցառումները շարունակելը, ինչպես նաև երկրում առկա բոլոր պատվաստանյութերն օգտագործելն ու դրանք գյուղեր հասցնելը:
Ղարիբաշվիլին հայտարարեց նաև, որ Հորդանան գետի մոտ Վրաստանին հատկացված տարածքում վրացական մշակութային կենտրոն կառուցելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվում։
«Քարթլի» առողջարանում բնակվող տեղահանված անձինք երեկ առողջապահության նախարարության շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացնում։ Նրանք պահանջել են մանրամասն և հստակ ծրագիր, թե երբ են ստանալու բնակարաններ։ Նրանց պահանջներից մեկն այն էր, որ կառավարությունն արդեն պատրաստի շենքում գնի բնակարաններ կամ փոխանցի գումարը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ ազգային կոնսենսուսի հասնելու համար շարունակելով հանդիպումները, երեկ նախագահական նստավայրում ընդունել է քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Նախագահի մոտ էին եկել «Վրացական երազանք» կուսակցությունից՝ Նինո Ծիլոսանին, «Լելո»-ի անդամ ՝ Անա Նացվլիշվիլին, «Հանուն արդարության» կուսակցության հիմնադիր Էկա Բեսելիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին։
Երեկ պարզ դարձավ նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աշխատում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա։ Բյուրոյի նիստում հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտնել էր, որ բանաձևի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանական խմբակցություններին։
Եվրախորհուրդը հերթական դրական գնահատականն է տվել Վրաստանի իրավապահ մարմիններին` փողերի լվացման հանցագործությունների դեմ պայքարում գրանցած առաջընթացի համար: Ինչպես նշվել է զեկույցում, իրավապահ մարմինները, հատկապես Վրաստանի գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանումը, արդյունավետորեն հետաքննում են փողերի լվացման հնարավոր հանցագործությունները՝ օգտագործելով հետաքննական տեխնիկայի լայն շրջանակ:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 23-ը Վրաստանից արտահանվել է 18,4 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 84,5 մլն ԱՄՆ դոլար։
Նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված պնդուկի ծավալն աճել է 4,0 հազար տոննայով (28%), իսկ արժեքը՝ 8,3 մլն ԱՄՆ դոլարով (11%)։
Պետական բյուջեից Ախալքալաքի բյուջե է փոխանցվել պլանավորված 7,03 մլն լարիի փոխարեն 6,89 մլն լարի: Իսկ Նինոծմինդայի բյուջե՝ 5,8 մլն լարի, պլանավորված 5,85 մլն Ելարիի փոխարեն:
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան կմեկնի Ստրասբուրգ: Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնել էին, որ հունվարի 25-27-ը ԵԽ-ում նախատեսված հանդիպումներ տեղի կունենան բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ստրասբուրգի դատարանի նախագահի հետ։
Այս ընթացքում՝ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը դիմել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որպեսզի խորհրդարանն ընդունի միասնական բանաձև՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Ընդդիմությունը նաև նախաձեռնել է ակտիվացնել Վրաստանի և Ուկրաինայի բարեկամների խումբը և առաջիկա օրերին կազմակերպել իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ այցը Կիև՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար։
Երեկ՝ հունվարի 24-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբի միջև։
Զալկալիանիի խոսքով, նա վերահաստատել է Վրաստանի կառավարության աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և իր ամուր աջակցությունն է հայտնել:
Դավիթ Զալկալիանին Կուլեբի հետ հեռախոսազրույցից հետո նաև հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը, վրաց ժողովուրդը համերաշխություն է հայտնել բարեկամ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: