Երեկվա օրը համառոտ. հունվարի 23

«Անտեսանելի բեռ. պատժամիջոցների տակ գտնվող նավթի ճանապարհը Ռուսաստանից Եվրոպա». այս վերտառությամբ հետաքննական հոդված է հրապարակել iFact հետաքննող լրագրողների միությունը։

Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարետ Ուորդը նշել է, որ իրենք արդեն հստակ ասել են` կդադարեցնեն Վրաստանի կառավարությանն աջակցող ֆինանսավորման ծրագրերը, կսահմանափակեն պաշտպանական և քաղաքական շփումներն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում չի դադարել ժողովրդավարական հետընթացը։

Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ՝ կոչ անելով միջազգային հանրությանը աջակցել և պաշտպանել 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, քաղաքացիական հասարակությանը և ցուցարարներին։

Սլովակիայի պոպուլիստ սոցիալիստ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել երկրում «պետական ​​հեղաշրջման» սպառնալիքի պատճառով. այս համատեքստում հիշել է Վրաստանն ու Ուկրաինան։

Վրաստանյան եվրոպամետ ցույցերի ակտիվ մասնակից, բժիշկ Գիորգի Ախոբաձեն կալանքի տակ մնաց. որոշումը կայացրեց Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին: Կալանքի տակ մնաց նաև լրագրող Նիկոլոզ Կացիան: Լրագրող Նանուկա Ժորժոլիանիին մեղավոր է ճանաչվել և տուգանվել 5000 լարիի չափով: Դատավորը մերժել է կարճել «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիի դեմ գործը:

Բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Զվիադ Ռոբաքիձեն տասնօրյա ազատազրկումից հետո ազատ է արձակվել։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) նախագահ, փաստաբան Նոնա Քուրդովանիձեն հայտնել է, որ բանտում այցելել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։ Ըստ Քուրդովանիձեի՝ առողջական խնդիրներ ունեցող Ամաղլոբելին մտադիր չէ դադարեցնել հացադուլը։

Միջազգային լրատվական կազմակերպությունները կալանավորված «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի խնդրի շուրջ միասնական հայտարարութուն են տարածել։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակ»-ը ահազանգել է վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության կապակցությամբ։

Վրացական Tabula հեռուստաընկերության հիմնադիր և քաղաքական գործիչ Թամար Չերգոլեիշվիլին սոցիալական ցանցում հրապարակել է Քիմբերլի Լոուի հետ արված լուսանկար։ Նա և Գիգա Բոկերիան ինքնաթիռում հանդիպել են ամերիկացի քաղաքական գործչին։

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Քվեմո Նիքոզի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Ալեքսի Մամուլիան և Իվանե Ջափիաշվիլին ազատ են արձակվել և գտնվում են Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում:

Վրաստանի դատախազությունը տուժողի կարգավիճակ է տվել լրագրող և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Զվիադ Քորիձեին։

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարել է՝ իր վրա հարձակումը պատվիրել է Բիձինա Իվանիշվիլին:

2024 թվականի դեկտեմբերի տվյալներով` ամսական աշխատավարձ ստացողների թիվը տարեցտարի աճել է, սակայն ամսական կտրվածքով՝ նվազել է։