
Երեկ, ինչպես վերջին մեկ շաբաթվա ընթացքում, Վրաստանում գլխավոր թեմաներից էին «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն, քաղբանտարկյալ համարվող Մզիա Ամաղլոբելիի շուրջ ծավալված իրադարձությունները: Հաջակցություն Ամաղլոբելիի՝ ցույցեր էին ընթանում Թբիլիսիում և Բաթումիում, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վաշինգտոնից դիմելով Ամաղլոբելիին, ասաց. «Դու մենակ չես»: Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին բանտում տեսակցել է Ամաղլոբելիին, հետո ասել, թե՝ վերաքննիչ դատարանը կարող է ազատազրկումից «ավելի մեղմ որոշում» կայացնել։
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված Բիձինա Իվանիշվիլիի կինը՝ Էկատերինա Խվեդելիձեն, նոր ընկերություն է հիմնել Վրաստանում։ «Լուսոլի» բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը Խվեդելիձեն է։
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլին ծրագրում է դատի տալ շվեյցարական Julius Baer բանկին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական ցանցում արձագանքել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորանքին։ Ուիլսոնը նշել է` Իվանիշվիլիի ոչ լեգիտիմ խամաճիկ վարչապետը նախագահ Թրամփի ընկերը չէ։
Վասո Աբաշիձեի անվան նոր թատրոնի խումբը կեսգիշերին բողոքի տեսահոլովակ է հրապարակել և հայտարարել, որ հունվարի 23-ին թատրոնի դիմաց սպասելու է մարդկանց։
Հունվարի 20-ին «Բաթումելեբի» լրատվամիջոցի օպերատոր Գուրամ Մուրվանիձեն 8-օրյա վարչական կալանքը կրելուց հետո Փոթիի կալանավայրից ազատ է արձակվել։
Սոցիալական արդարության կենտրոնի (SJC) գնահատմամբ՝ հունվարի 18-ին Թբիլիսիի Թեմքա թաղամասի ոստիկանության շենքի մոտ անհամաչափ ուժի կիրառմամբ ցուցարարներ են ձերբակալվել։
Վրացական երազանք»-ի անդամ Տիտե Արոշիձեին Աջարիայի Գերագույն խորհուրդն ընտրեց Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի (BSU) ռեկտոր:
Շարունակվում են ուսանողական բողոքի ակցիաները. երիտասարդները գիշերում են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջանցքներում՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում և քաղբանտարկյալների ազատ արձակում։