Հունվարի 21-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 030 710-ի: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 767 նոր դեպք:
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ հունվարի 21-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի 1 419 դեպք։ «Օմիկրոնի» մասին միֆերն ու իրականությունը կարող եք կարդալ այստեղ:
Հունվարի 21-ին, կայացած ճեպազրույցում Վրաստանի բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Սալոմե Լոլուան հայտարարեց, որ մարզային քովիդ-կլինիկաներից մեկում մինչև 50 տարեկան մի տղամարդ հարձակվել է բուժքրոջ վրա։ Ըստ Լոլուայի՝ ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակ հաճախակիացել են բժշկական անձնակազմի նկատմամբ հարձակման և բռնության փաստերը։ Նման մի դեպք էլ տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին։
Հունվարի 21-ին Վրաստանի կրթության և գիտության նախարարության տարածած տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում հանրակրթական դպրոցների 23 869 աշակերտների ծնողներ ցանկություն են հայտնել անցնել առցանց կրթության այս շաբաթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Հունվարի 17-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ Մինչ ուսումնական գործընթացի ավարտը մի քանի պաշտոնական արձակուրդներ կան, որոնց ընթացքում աշակերտները կհանգստանան: Մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Հունվարի 21-ին Վրաստանի մշակույթի նախարարության դիմաց արվեստագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա էին անցկացնում։ Նրանք բողոքում էին մշակույթի ոլորտի, մասնավորապես՝ Արվեստի թանգարանի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու դեմ՝ պնդելով, որ այդ մարդկանց մշակույթի նախարարն ազատել է քաղաքական դրդապատճառներով։
Երեկ բողոքի ակցիա էր նաև Վրաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում: Բողոքի ցույցերի պատճառը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն էր։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի խորհրդարանն ապրիլի 10-ը հայտարարել է նախագահական ընտրությունների օր։ Դե ֆակտո կառավարության կողմից վերահսկվող «Ռես» գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանի հունվարի 21-ի նիստում քվեարկությանը մասնակցած 34 պատգամավորներից 27-ը միաձայն ընդունել է համապատասխան բանաձևը։
Լիտվայի նախագահի հետ հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ լիտվացի գործընկերներից ևս մեկ անգամ ստացել են ամուր երաշխիքներ, որ նրանք կշարունակեն աջակցել Վրաստանին՝ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում, ինչպես նաև եվրատլանտյան նկրտումներին։
Բեռլին կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, որ Վրաստան Ռուսաստանի ներխուժումից 13 տարի անց մինչև 300 հազար Վրաստանի քաղաքացիներ շարունակում են տեղահանվել իրենց տներից։
«1990 և 1991 թվականներին խորհրդային բոլոր նախկին հանրապետությունները անկախություն ձեռք բերեցին։ Դրանցից մեկը Վրաստանն է։ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան»,- ասել է Բլինքենը։
Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարարության 2021 թվականին հրապարակած ամփոփ հարցաշարում էլ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը «դասեր կքաղի անցյալից և ավելի հավասարակշռված» քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ։