Հունվարի 18-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 006 864-ի: Մեկ օրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 7 521 նոր դեպք, որից 1 254-ը՝ լաբորատոր պայմաններում հաստատված «օմիկրոն» շտամն է եղել։ Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես, երեկ Թբիլիսիում գրանցվել է 4 171 նոր դեպք:
Երեկ՝ հունվարի 18-ին տեղի ունեցած համակարգող խորհրդի նիստի ժամանակ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարեց, որ «օմիկրոնով» վարակման դեպքերն աճել են, սակայն վարակվածների մեծ մասը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, քանի որ մեծամասնությունը պատվաստված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Ըստ Գաբունիայի՝ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասն արձանագրվում է համեմատաբար երիտասարդ տարիքի անձանց շրջանում։
Այս ֆոնին՝ վարակաբան Ալեքսանդր Գոգինավան ծնողներին կոչ է արել երեխային չթողնել գնալ դպրոց, եթե նա ունի գրիպի ախտանշաններ՝ նշելով, որ «օմիկրոնն» արագորեն տարածվում է, և մեկ երեխա կարող է վարակել մի ամբողջ դասարան:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով էլ, հնարավոր է դրամական խրախուսումներ կիրառվեն՝ երկրում «խթանիչ» դոզայի կիրառումն ավելացնելու համար։
Գամկղրելիձեն հայտնել է, որ հարցը բարձրացրել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ երեկ տեղի ունցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։
«Եթե ուժեղացնենք «խթանիչ» դոզայի կիրառումը, ապա դա լրջորեն կնվազեցնի «օմիկրոն» շտամի ինտենսիվությունը»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն:
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հաշվի առնելով առկա համաճարակաբանական իրավիճակը՝ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում հաշվառված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգումը կասեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը։
Ըստ Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում հրապարակված վիճակագրական տվյալների՝ Վրաստանում մեկ տարում սոցիալական օգնություն ստացողների թիվն ավելացել է։ Օգնությունից ամենաշատն օգտվել են Սամցխե-Ջավախեթիում, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում և Քվեմո Քարթլիում:
Մայրաքաղաք Թբիլիսիի Քեթևան Ծամեբուլի պողոտան ամբողջական վերականցնման աշխատանքների պատճառով 4 ամիս փակ կլինի: Պողոտայի վերականգնումը կիրականացվի մի քանի փուլով:
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշնակիցների հետ դրական ազդակ է այն մասին, թե որքան կարևոր են Վրաստանի տեսակետները Ռուսաստանի հարցում համապատասխան արձագանքի համար։ Այս մասին ասել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը։
Ըստ Դեգնանի՝ անցյալ շաբաթ կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում, որտեղ Ռուսաստանին հնարավորություն է տրվել բացատրել իր մտահոգությունները։
Դեգնանի խոսքով՝ կարևոր է հիշել, որ հենց Ռուսաստանն է ստեղծել անվտանգության այս ճգնաժամը Եվրոպայի սահմանին, Ռուսաստանն է զորք բերել հարևան ինքնիշխան երկրների սահմաններին, Ռուսաստանն է օկուպացրել ինքնիշխան տարածքներ Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում։
Ուշ երեկոյան Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ ձերբակալված է, գրել էր, թե իրենց հիմնական նպատակն է զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպել, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն իշխանափոխության։
Սաակաշվիլին կոչ էր արել Քաղաքային խորհրդում «Ազգային շարժման» անդամներին աշխատել մյուս ընդդիմադիր խմբերի, բոլոր ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են փոփոխություններ։