Երեկվա օրը համառոտ. հունվարի 16

Վրաստանը 2025 թվականին չի մասնակցի ո՛չ Դավոսի տնտեսական ֆորումին, ո՛չ Մյունխենի անվտանգության համաժողովին:

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, իսկ հունվարի 17-ին Բաքու կմեկնի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Սա այն դեպքում, երբ քաղհասարակությունը Գոմելաուրիին մեղադրում է ժողովրդի նկատմամբ կիրառած խոշտանգումների և ճնշումների համար:

Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Մելինե Առաքելյանն արձագանքել է Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի նկատմամբ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների գործադրած ֆիզիկական բռնությանը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին որպես Վրաստանի նախագահ չի հիշատակել և հայտնել է, որ Կիևը միանում է Եվրամիության դիրքորոշմանն այդ հարցում։

Պաշտոնապես հայտնի է դարձել ԱՄՆ Կոնգրեսում գրանցված «Վրացական մղձավանջի չճանաչման ակտի» բովանդակությունը։

«Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա դաժան հարձակմանը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների մասնակցության մասին հաղորդագրությունները ցնցող են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը Interpressnews-ին տված հարցազրույցում գնահատել է Վրաստանում տիրող իրավիճակը։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատին առաջարկ է ներկայացվել պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

««Վրացական երազանքի» գործողությունները շարունակում են մտահոգիչ լինել»,— ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Բիձինա Իվանիշվիլին ձևավորել է ոչ լեգիտիմ խորհրդարան և նշանակել ոչ լեգիտիմ նախագահ, նաև ընդունել է այնպիսի օրենքներ, որոնք քրեականացնում են բողոքի ակցիաները և խոսքի ազատությունը. ծեծի են ենթարկում քաղաքացիներին և ազատազրկում», — Charleston Mercury լրագրում հրապարակված նամակում գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։

Հունվարի 16-ին, գրեթե երեք օր տևած հարցաքննությունից հետո, «Վրացական երազանք»-ի անդամների կողմից հարձակման ենթարկված Վրաստանի քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլին ազատ է արձակվել ոստիկանական կալանքից:

Նոր ընտրությունների պահանջով ցույցի մասնակից Մաթե Դևիձեին, որ ձերբակալվել էր ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով, դատավոր Դավիթ Մգելիաշվիլին կալանքի տակ է թողել:

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին կալանքի տակ է թողել նոր ընտրությունների պահանջով ցույցի մասնակիցներից Անատոլի Գիգաուրիին։

Լրագրողական էթիկայի խարտիան (GYLA) միացել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պահանջին` հետաքննել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի փաստը և անհապաղ կասեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի պաշտոնական լիազորությունները:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ընդդիմադիր ուժերին («Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան»)։ ԵԽԽՎ անդամներն առանձին-առանձին զրուցել են արևմտամետ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։