Երեկվա օրը համառոտ. հունվարի 13

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արդեն գրանցվել է այն օրինագիծը, ըստ որի` ԱՄՆ-ը կհրաժարվի ճանաչել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա դաշնակիցների կառավարությանը, Սալոմե Զուրաբիշվիլիին կճանաչի Վրաստանի օրինական առաջնորդ և կպահանջի նոր ընտրություններ։

Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը քննադատել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին: Պապուաշվիլին նախօրեին հայտարարել էր, որ «սննդի վրա թքելը և մեջքի հետևում նման պահվածքը լիտվական ոճ է»։

Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում է տեղի ունեցել Վրաստանի քաղաքացու և «Վրացական երազանք»-ի պատգամավորների միջև։ Միջադեպը, հավանաբար, սկսվել է «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Իրակլի Զարքուայի և Վիկտոր Սանիկիձեի նախաճաշի ժամին։

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին. նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հաշվետվություն են ներկայացրել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների մասին։

«Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» ուժերը պահանջում են ազատ արձակել հունվարի 11-12-ը Բաթումիում և Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված կուսակցականներին։

Հունվարի 12-ին անկախ լրատվամիջոցների, ԶԼՄ-ների իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարություն են տարածել «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության մասին և պահանջել են ազատ արձակել նրան:

Դադարեցրեք այս բռնաճնշումները, քանի դեռ ուշ չէ. ոչ ոք չի կարող խուսափել անձնական պատասխանատվությունից, Facebook-ում գրել է նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան։

Հանրային պաշտպանի տարածած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 12-13-ը Հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսի, Օզուրգեթի, Լանչխութի և Փոթի քաղաքներում բերման ենթարկված 16 քաղաքացիների։

«Գործակալների օրենք»-ի ընդունման դեմ ցույցերի ժամանակ ձերբակալված Օմար Օկրիբելաշվիլիի և Սաբա Մեփարիշվիլիի դատավարությունը կշարունակվի հունվարի 20-ին։ Դատախազությունը նրանց մեղադրում է 400 լարիանոց երկաթե ցանկապատը կոլեկտիվ վնասելու համար։

Ախալքալաքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը Գամմայի մրցաշարի շրջանակներում տեխնիկական նոկաուտով հաղթել է Դավիթ Բադուրաշվիլիին։

Վրաստանի Կախեթիի շրջանի Կղվարելի քաղաքի Իլիա Ճավճավաձեի փողոցում գտնվող Իլիա Ճավճավաձեի անվան առաջին հանրակրթական դպրոցի բակում հարյուրամյա ծառեր են հատվում։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումիում հրաձգություն է տեղի ունեցել. երեք մարդ մահացել է: Նրանց տեղափոխել են Կենտրոնական հանրապետական ​​հիվանդանոց, սակայն ոչ մեկի կյանքը փրկել չի հաջողվել։