Վրաստանի գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիությունը մտադիր է դատարանի միջոցով պաշտպանել IDS Borjomi Georgia-ի կողմից աշխատանքից ազատված և գործադուլ անող 50 աշխատակիցների իրավունքները։
Վրաստանում գործող 10 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում են վետո դնել գաղտնի հսկողության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների վրա:
Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Զուրաբիշվիլին Բրյուսելում Միշելի հրավերով կմասնակցի «Կանայք հակամարտությունում» համաժողովին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության «3+3» ձևաչափի հերթական հանդիպումը կանցկացվի մոտ ժամանակներս։
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիան արձագանքել է Եվրախորհրդարանի ընդունված բանաձևին և ասել, որ Վրաստանի համար դա դժվար է շատ առումներով։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տասնհինգերորդ անգամ ընդունել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններից փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձևը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ծրագրում ներգրավված են 10-ից ավելի եվրապատգամավոր։
Վրաստանի ընդդիմադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ է անում, որ կառավարությունը մեկ անգամ հոգա ուսանողների ուսման վարձը և ժամանակին ձեռնամուխ լինի նրանց ուսանողական հանրակացարանների խնդրի լուծմանը։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ կուսակցությունը կմիանա հունիսի 20-ին «Սիրցխվիլիա» շարժման կազմակերպած բողոքի ցույցին։
Վրաստանի եկամուտների ծառայությունը Հայաստան-Վրաստան սահմանին, Նինոծմինդայի մաքսակետում հայտնաբերել և առգրավել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ։
Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է 75 տոկոսով։
Այս տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 4,3 անգամ։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը առուվաճառքի արդյունքում դարձել է 2,9687 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,1833 լարի։