Անցած շաբաթվա ընթացքում (30-05-05.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 511 նոր դեպք։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ երկրում կատարվել է 2 մլն 895 հազար 967 պատվաստում:
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2022 թվականին անցկացվելիք միասնական ազգային քննությունների ժամանակացույցը: Կենտրոնը հրապարակել է նաև ուսուցիչների քննությունների ժամանակացույցը, ավելին՝ այստեղ:
Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդները համատեղ հայտարարություն են արել՝ աջակցելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության դիմումներին:
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համատեղ ճեպազրույց է անցկացրել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Մանրամասն՝ այստեղ:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Վրաստանին այժմ անհրաժեշտ է ԵՄ թեկնածուի կարգավիճակը, քանի որ հակառակ դեպքում երկիրը կհայտնվի «հետխորհրդային ճահիճում» և «երկաթե վարագույրի մյուս կողմում»։ Նրա խոսքով, Ուկրաինան և Վրաստանը հնարավորություն ունեն դառնալու ԵՄ անդամակցության թեկնածուներ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» (TI) հետաքննել է «Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն և ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որը կազմակերպության կարծիքով չի համապատասխանում օրինականության, արդարացման և արդարության չափանիշներին։
Վրաստանի կառավարությունը գտնում է, որ երկրի նախագահն իրավունք չունի հրաժարվել ստորագրել որևէ դեսպանի նշանակման կամ պաշտոնանկ անելու այն որոշումները, որոնք ընդունում է կառավարությունը։
Վրաստանի ընդդիմադիր «Հանրապետական կուսակցության» առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին բանավեճի է հրավիրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և ընդգծել այն քայլերը, որոնք Վրաստանը ձեռնարկել է Եվրամիությանը մոտենալու համար։
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցներն այս տարվա մայիսին հանրապետության ողջ տարածքում ապօրինի ծառահատման և փայտանյութ գողանալու 65 դեպք են բացահայտել։
Վրաստանում հանրային աշխատանքի է տեղավորվել 8 590 սոցիալական նպաստառու։
Թբիլիսիում շտապօգնության աշխատակիցները շարունակել են ցույցերը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։
Եվ վերջում՝ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 8-ին ԱՄՆ մեկ դոլարը կարժենա 2,9604 լարի, եվրոն՝ 3,1620 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 3,7049 լարի։