Երեկվա օրը համառոտ. հունիսի 6

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից կոնգրեսական Ջո Ուիլսոնին ուղարկված նամակին, այս համատեքստում ամերիկացի քաղաքական գործչի մշակած MEGOBARI Act-ը «ցինիկ» է որակել:

Վրաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները բաց նամակ են հղել սենատոր Ջո Ուիլսոնին։ «Հելսինկյան հանձնաժողովի» նախագահ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնն ԱՄՆ Կոնգրեսում MEGOBARI Act-ի նախաձեռնողն է։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը կրկին հայտարարել է, որ Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունումից հետո սպասվում են «իրական քաղաքական հետևանքներ»:

100 հազար բնակչին բաժին ընկնող բանտարկյալների թվով Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում:

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» (Վերին Լարս) անցակետում վերականգնվել է բնականոն հունով աշխատանքը:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով՝ ահաբեկչական հանցագործության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Վրաստանի երկու քաղաքացի։ Նրանք մեղադրվում են ապօրինի հրազենի և ռազմամթերքի ձեռքբերման ու պահման համար։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման  առաջնորդներից Գուրամ Մաճարաշվիլիի պահանջով «TV Պիրվելի» հեռուստաընկերության մեկ այլ լրագրողի ևս արգելվել է աշխատել խորհրդարանում։ Լրագրող Մակա Չիխլաձեն մեկ ամսով՝ մայիսի 23-ից հունիսի 23-ը, հնարավորություն չի ունենա լրագրողական աշխատանք կատարելու խորհրդարանում։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (ԱԺ) մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասել է` Հայաստանը «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում է Վրաստանի աջակցությունը: