Երեկվա օրը համառոտ. հունիսի 3

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությունից հետո «Օրենսդրական տեղեկագիր» (matsne.gov.ge) կայքում հրապարակվել է «գործակալների օրենքը»։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դա անհրաժեշտ ընթացակարգ է օրենքին իրավական կարգավիճակ տալու համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ խորհրդարանին զեկույց կներկայացնի հունիսի 28-ին։ Սա կլինի խորհրդարանի գարնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստը։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հերքում է, որ «գործակալների օրենքին» կողմ քվեարկած պատգամավորները ծանուցում են ստացել ԱՄՆ վիզաների չեղարկման մասին։ Պատգամավորների և նրանց ընտանիքի անդամների պատժամիջոցների մասին տեղեկությունը սոցցանցերում տարբեր քաղաքացիներ են տարածել ժամը 16։00-ի սահմաններում։

2019 թվականից Թելավիի շրջանային դատարանի ցմահ դատավոր և նախագահ Մարինե Ցերցվաձեն 2023 թվականի գույքային կարգավիճակի հայտարարագրում չի նշել անշարժ գույքն ու աշխատավարձը:

Վրաստանի վարչապետի տարեկան զեկույցում, որը գրավոր ներկայացվել է խորհրդարան, նշվում է, որ մեկ տարվա ընթացքում ավարտվել է 4 նոր հանրակրթական դպրոցի կառուցումը, իսկ 7 հանրակրթական դպրոցների կառուցման աշխատանքներն ընթանում են։

Վրաստանի ընդդիմադիր որոշ կուսակցություններ արդեն ստորագրել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջարկած «Վրացական խարտիա»-ն։

Հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:

Մայիսին տարեկան գնաճը կազմել է 2 տոկոս։ Սա նշանակում է, որ նույն ապրանքների համար, որոնց դիմաց անձը նախորդ տարի ծախսել է 100 լարի, այս տարի պետք է վճարի 2 լարի ավելի։

Վրաստանի կառավարությունն աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, ըստ որի՝ մինչև 2000 մարդ կազատվի կորոնավիրուսի համաճարակի (COVID-19) ժամանակ սահմանված տուգանքներից։ Հարցը կքննարկվի կառավարության նիստում, ապա կուղարկվի խորհրդարան։