Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, մահացել է 2 մարդ։
Վրաստանում ուսումնասիրվել է «կապիկի ծաղիկի» 7 հնարավոր դեպք, որոնցից ոչ մեկը չի հաստատվել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային` Կրեմենչուկ առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո։
Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը դիմել է իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեին և ասել, որ Եվրոպան Կոբախիձեի համար տեղ չունի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20 անդամներ համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելելու է ցորենի և գարու արտահանումը։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահի միջազգային հարցերով օգնական Մաքսիմ Ղվինջիայի խոսքով՝ «եթե երեքից (խմբ. նկատի ունի ասոցացված եռյակից) որևէ մեկն արժանի է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակին, ապա դա Վրաստանն է»:
Աբխազական կողմը խոսում է Վրաստանի ռազմական սպառազինության ավելացման և Աբխազիայի համար հնարավոր սպառնալիքների մասին. «Մենք պատրանքներ չունենք, որ Վրաստանը կփորձի իր տարածքային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Այդուհանդերձ, Վրաստանում կան շատ մարդիկ, ովքեր դեմ են պատերազմին, սակայն, ինչպես ցույց է տալիս անցյալի փորձը, նման մարդիկ միշտ չէ, որ կարողացել են ազդել իրավիճակի վրա»:
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի ներքին գործերի նախարարաությանը (ՆԳՆ) կոչ է արել պաշտպանել Tbilisi Pride-ի կազմակերպած «Հպարտության շաբաթվա» կազմակերպիչներին և մասնակիցներին բռնի խմբերի վերահաս վտանգից։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով` հունիսի 28-ից, Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է Ազատության հրապարակին հարող Պուշկինի հրապարակի վերականգնման աշխատանքները:
Թբիլիսիի քաղաքապետարանը հուլիսի 2-ին և 3-ին համերգներ կանցկացնի Սամգորի թաղամասում։
Վրաստանում միասնական ազգային քննությունների մեկնարկի կապակցությամբ դիմորդներին և անձնակազմին ժամանակին գրանցելու և անխափան տեղաշարժվելու համար քննական կենտրոնների ուղղությամբ հուլիսի 4-ից հուլիսի 27-ը կնշանակվեն լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ, ավելին՝ այստեղ:
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է Վրաստանի տնտեսության աճի թարմացված սցենարներ։ Ըստ ելակետային սցենարի, որն արտացոլում է հիմնական կանխատեսումը, 2022 թվականին Վրաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ կաճի 4,5 տոկոսով։
Եվ վերջում՝ Ազգային բանկի կողմից հունիսի 27-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2,9349 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,1066 լարի։