Վրաստանի իմունականխարգելման խորհրդի նախագահ Իվանե Չխաիձեն բնակչությանը կոչ է արել կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացմանը զուգահեռ դիմակ կրել։
Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ ելնելով այն հանգամանքից, որ առջևում ամառային զբոսաշրջային սեզոնն է, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պիկը սպասվում է աշնանը։
Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է պատվաստվածների բազայում գումարի դիմաց քաղաքացիներին գրանցած բուժքույրը։
Հունիսին Վրաստան է մուտք գործել 90 հազար 239 Ռուսաստանի քաղաքացի, ինչը 503 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ 2022 թվականի 6 ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 209 հազար 272:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ այս փուլում Վրաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գործնականում չի ստանում, քանի որ վերջին ամիսներին լավ արտադրություն է ունեցել:
Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության աշխատակիցները հունիս ամսին բացահայտել են չմաքսազերծված ծխախոտի պահեստավորման և տարածման 393 դեպք։
2021 թվականին Եվրամիության և Շենգենյան գոտու անդամ երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 68 տոկոսով և կազմել 14 հազար 970։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ճապոնիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Չեխիայի դեսպանությունները ողջունում են 2022 թվականին Վրաստանում անցկացված Tbilisi Pride-ի միջոցառումների անխափան ընթացքը։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատական գործընթացներին և բուժզննման ընթացքին հնարավոր է հետևեն ԵՄ ներկայացուցիչները։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիրոգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած գործընթացին՝ կատարելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերը, չնայած այն հանգամանքին, որ նրանց գնահատմամբ, անհայտ են այս գործընթացի իրական նպատակները։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բացառել է, թե ապաօլիգարխացման մասին մշակվող օրենքը կարող է ազդել իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի վրա։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,9038 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,9625 լարի։