Երեկվա օրը համառոտ. հուլիսի 25

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ՌԴ քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21 հազար 326 ընկերություն, ինչը 3 անգամ ավելի է նախորդ 27 տարվա ցուցանիշից:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արդեն կատարել է Եվրամիության 12 հանձնարարականներից 3-ը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներառվել է ամերիկյան «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ» (FARA) փաստաթղթում, որտեղ ներկայացված են այն ծառայություններն ու ծախսերը, որոնք նա մատուցել է իր նախորդի՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերի լոբբինգի համար։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում` կեղծ արժույթ վերցնելու փաստով ձերբակալվել է երկու անձ։

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին 190,8 տոկոսով կամ գրեթե 3 անգամ ավելի շատ գումար է ավելացել բյուջեում առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն «Հաղթանակի պլատֆորմի» շրջանակներում քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ուզում եմ Իվանիշվիլիին և ռուսական խմբին, որն այսօր իշխանության ղեկին է, ասել՝ չեք կարող հաղթել Վրաստանին»:

Թբիլիսիի մանկապարտեզներում մեկնարկեց համընդհանուր գրանցման երրորդ փուլը։

Գորիի քաղաքային դատարանը փոխել է Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին ծեծի ենթարկելու համար մեղադրվողի նկատմամբ խափանման միջոցը և 2000 լարի գրավի դիմաց ազատ է արձակել։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սաակաշվիլիի գործին: