Երեկվա օրը համառոտ. հուլիսի 20

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների հայոց լեզու և գրականություն առարկայի թեստերը։

Բորջոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային հայաբնակ Մոլիթ գյուղ տանող ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է:

Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի (DRI) ուշադրության կենտրոնում է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում քննարկվող վիճահարույց օրինագիծը, որը թույլ կտա Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույք գնել Աբխազիայում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև ԵՄ 14 և ՆԱՏՕ-ի անդամ 10-ից ավելի երկրներից։

Ղարիբաշվիլին ասել է՝ Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ լեհ բժիշկներից մեկը փորձել է անօրինական կերպով հանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անալիզների նմուշները։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան: