Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 29

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Վրաստանում անցկացված ընտրություններին։ Պետքարտուղարությունում հրավիրված ասուլիսը Միլլերը սկսել է Վրաստանի մասին հայտարարությամբ և իշխանություններին կոչ է արել հետաքննել ընտրությունների ընթացքում նկատված խախտումները։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը քննադատել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշման համար։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Լին Ձյանն արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Վրաստանում այցով գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Մենք դատապարտում ենք ազատ և արդար ընտրությունների միջազգային նորմերի բոլոր խախտումները` անդրադառնալով վրաստանյան խորհրդարանական  ընտրությունների արդյունքներին, հայտարարել են ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները:

Կանադան հայտարարությամբ արձագանքել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին` հայտնելով, որ վերագնահատելու է հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ։

Շվեդիայի կառավարությունը Վրաստանի հետ անմիջական պաշտոնական համագործակցության դադարեցման մասին է հայտարարել։ 

«Մենք մերժում ենք բռնության, ահաբեկման վրա հիմնված ընտրությունների արդյունքը». այսպես է արձագանքել հոկտեմբերի 26-ի ընտրություններին «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը» (ALDE)՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Վրաստանի ժողովրդի կամքը։

Վրաստանում ընտրությունների մասին Եվրամիության (ԵՄ) նախարարների հայտարարությանը միացել է նաև Լատվիան:

Եվրամիությունը չպետք է ճանաչի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ընթացքում նկատված խախտումների ու արդյունքների կեղծման մասին։

Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում, որտեղ հասարակությունը բողոքում էր ընտրությունների արդյունքների կեղծման դեմ, 20:34-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում հավաքվել է շուրջ 19 հազար 678 մարդ:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ, որը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, հեղաշրջման կոչ է անում և դեմ է գնում սահմանադրությանը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է, թե ընտրությունների 5 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունները քանի մանդատ կունենան խորհրդարանում:

Ռուսամետ ու հոմոֆոբ տրամադրություններով հայտնի «Ալտ-Ինֆո» հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը։