Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 29

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, 2022 թվականին երկրի խորհրդարանի պատգամավորների նիստերից ու միջոցառումներից անհարգելի բացակայության պատճառով աշխատավարձից պահված գումարը կազմել է մոտավորապես 80 հազար լարի։

Ամերիկացի թունաբան Դեյվիդ Սմիթը, որը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ թունաբանական բժշկական զեկույց է պատրաստել, ահազանգել է, որ երրորդ նախագահը դեմենցիա (մարդու հոգեկան գործունեության գրեթե լրիվ ընդհատում, տկարամտություն) ունի, որն առաջացել է ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի, մկնդեղի և բարիումի ազդեցության հետևանքով։

Թբիլիսիում ամանորյա համերգի հետ կապված՝ Մետեխի կամրջի հարևանությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ամբողջությամբ կսահմանափակվի։

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականին թեթևակի փոփոխություններ են նախատեսվում ուսուցիչների աշխարհագրության և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների քննական թեստերում։

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել է, որ դեպքեր կան, երբ դեղագործական ընկերությունները արհեստականորեն դեղերի դեֆիցիտ են ստեղծել։

Եվրամիության անդամ երկրների դեսպանները զգուշացրել են վրացական իշխանություններին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան չի հերքում, որ հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։