Երեկվա օրը համառոտ. ապրիլի 9

Օրվա գլխավոր թեման 1989 թվականի ապրիլի 9-ն էր: Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 36 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է:

1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 28-ից մեկնարկած եվրոպամետ ցույցերի մասնակիցները գիշերել են Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի շենքին հարող Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ։ Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում էր։

Օրվա կապակցությամբ կասկածահարույց հայտարարություններ էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից. «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 9-ի ողբերգության իր հայտարարության մեջ հինգ անգամ նշել է «օտար ուժը», իսկ Ռուսաստանը՝ ոչ մի անգամ։ Ավելի ուշ ասել է. «Deep State-ը գործում է սովետական ​​«ԿԳԲ»-ի մեթոդներով»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում արձագանքել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ապրիլի 9-ին առնչվող հայտարարությանը, «ամոթանք» տվել «Վրացական երազանք»-ի կառավարությանը:

Ապրիլի 9-ի կապակցությամբ հայտարարություններ տարածեցին ԳերմանիայիԻսրայելի և Ֆրանսիայի դեսպանատները, Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում NATO-ի ներկայացուցչությունը, Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը, Ապրիլի 9-ի հուշահամալիր են այցելել ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը և Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Չեխիայի սենատում ապրիլի 9-ի իր ելույթը սկսել է պատմական զուգահեռ անցկացնելով 1989 թվականի և մեր օրերի միջև՝ հայտարարելով, որ նույնիսկ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները պաշտպանում են «արյունով նվաճված ազատությունը» և «խաղաղորեն բողոքում են նույնքան վտանգավոր սպառնալիքի դեմ՝ ժողովրդավարության և անկախության դեմ ուղղված լուռ, թշնամական ուղերձներին»։

Սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհետացումը հասարակական դաշտից։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները նրան թույլ չեն տալիս դուրս գալ երկրից։

Վրացական երկաթուղիների հաղորդմամբ՝ Բաթումիում գնացքը հարվածել է մանկահասակ երեխայի. նա տեղում մահացել է։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Բաթումիի կայարանի մերձակայքում։

Տարեսկզբից Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը նվազել է 800 մլն դոլարով կամ 10,7 տոկոսով, իսկ երեկվանից՝ 125 մլն դոլարով։ Այս տվյալները հրապարակված են Bloomberg Billionaires Index-ում։