Երեկվա օրը համառոտ. ապրիլի 8

Եվրահանձնակատար Կայա Կալասը Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակում գրել է, որ ԵՄ-ն աշխատում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանների դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունները (ԱԳՆ) հայտարարություն են տարածել ի պատասխան «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հարցազրույցի, որում վերջինս քննարկել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը։

Վրաստանի դատախազությունում «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Իրակլի Օքրուաշվիլիի դեմ մեղադրանք է առաջադրվել: «Վրացական երազանք»-ի ստեղծած քննչական հանձնաժողով չներկայանալու համար 20 հազար լարիի գրավ է նշանակել և արգելել է լքել երկիրը:

Միջազգային կազմակերպություններին կարգելվի վրաստանյան քաղաքական կուսակցությունների համար կազմակերպել դասախոսություններ, սեմինարներ կամ նմանատիպ այլ հանրային միջոցառումներ։

Ապրիլի 7-ին՝ վրաստանյան եվրոպամետ բողոքի ցույցերի 131-րդ օրը, Ռուսթավելիի պողոտայից՝ խորհրդարանի շենքի մոտից, կրկին ցուցարարներ են բերման ենթարկվել։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն երեք ցուցարար է ձերբակալվել:

Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ապրիլի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց եվրոպամետ ցույցի ժամանակ ձերբակալված երեք անձանց։ Նրանցից երկուսը պատմել են անհամաչափ ուժի, վիրավորանքների և վատ վերաբերմունքի մասին։

Ադրբեջանի անվտանգության ծառայությունները կանխել են րաբբիի դեմ Իրանի հետ կապեր ունեցող անձանց կազմակերպած մահափորձը. նրան պետք է սպաներ վրաստանցի մարդասպանը:

Վրաստանի որոշ հասարակական կազմակերպություններ արձագանքել են «Վրացական երազանք»-ի նախաձեռնությանը, ըստ որի` արգելվում է դրամաշնորհ ստանալ առանց Վրաստանի կառավարության համաձայնության։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Չեխիա։ Ըստ Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության հաղորդագրության` նախատեսված են հանդիպումներ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կեղծ փողեր իրացնելու համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու։

Բերման ենթարկված «Ինդիգո» լրատվամիջոցի լրագրող Սաբա Սորդիան տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքային դատարան։

2025 թվականի մարտի դրությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են 76,8 մլն դոլարով և կազմել 4,3 մլրդ դոլար։

Ապրիլի 7-ին՝ աֆլատոքսին M1 պարունակող ապրանքների մասին առաջին հայտարարությունից 4 օր անց, Պարենի ազգային գործակալությունը (ՊԱԳ) հայտարարել է, որ «Սոփլիս Նոբաթի» կաթի որոշակի խմբաքանակը, որտեղ հայտնաբերվել է աֆլատոքսին M1, «ամբողջովին հեռացվել է» ցանցից։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Ռիկղե-Նարիկղալան կապող ճոպանուղին ապրիլի 8-ից միառժամանակ չի կարողանա սպասարկել ուղևորներին։