Երեկվա օրը համառոտ. ապրիլի 7

Վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) օտարերկրյա դրամաշնորհ (գրանտ) կարող են ընդունել կառավարության կամ կառավարության կողմից նշանակված լիազորված անձի հաստատմամբ. առանց հաստատման տրված դրամաշնորհի ընդունումն արգելվելու է, խախտողը պատասխանատվություն է կրելու:

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է օրենսդիր մարմնի վերակազմավորման մասին։

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հիասթափեցնող է գնահատել «Վրացական երազանք»-ի որոշմամբ Անակլիայի նախագիծը չինական ընկերությանը փոխանցելը:

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության միջոցառմանը. ներկաները Զուրաբիշվիլիի ելույթը ողջունել են բուռն ծափահարություններով։ Զուրաբիշվիլին ընդգծել է՝ ԵՄ-ն չպետք է թույլ տա, որ թեկնածուի կարգավիճակով երկիրը դառնա տոտալիտար բռնապետության մոդել:

«Վրացական երազանք»-ը պատժամիջոցների ենթարկված Սուլխան Թամազաշվիլիին հաստատել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնում։

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ընդդիմությունը դատապարտված է պարտության տեղական ինքնակառավարման ընտրություններում (ՏԻՄ)։

Ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Բադրի Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 50 հազար լարի գրավը:

Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար, Ռուսաստանի նախագահին կից ազգային կապերի խորհրդի անդամ Դավիթ Ցեցխլաձեն ասել է, որ իր գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի։

Ռուս հեռուստահաղորդավարուհի, Ուկրաինայում ռուսական լայնամասշտաբ պատերազմի կողմնակից, PUTIN TEAM կազմակերպության անդամ Քսենյա Բորոդինան Instagram-ում տարածել է Թբիլիսիի տարբեր ռեստորաններում և հյուրանոցներում արված լուսանկարներ։

Վրաստանում 4 ամսից ավելի շարունակվող եվրոպամետ ցույցերի ֆոնին վրացական Georgian Airways ավիաընկերությունը նոր չվերթ է ավելացնում դեպի Ռուսաստան:

Բաթումիի քաղաքային դատարանում քննարկվում էր լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը. դատը կշարունակվի ապրիլի 14-ին:

«Սոցիալական արդարադատության կենտրոնը» (SJC) արձագանքել է լրագրող Սաբա Սորդիայի ձերբակալությանը և հայտարարել, որ վերջին շրջանում քաղաքացիների կամայական ու անհիմն խուզարկությունները և դրան հաջորդած ձերբակալությունները դարձել են ոստիկանության կիրառած ահաբեկման և բռնաճնշումների հերթական գործիք։

Բաթումցի «դրոշակակիր» Թեմուր Քաթամաձեի ընկերոջ՝ Նանա Կակուլիայի խոսքի հիման վրա «Բաթումելեբի» լրատվամիջոցը գրել է, որ Քաթամաձեն դադարեցրել է հացադուլը (ի պաշտպանություն Ճիաթուրայի հանքագործների)։

Խվիչա Կվարացխելիան Ֆրանսիայի լիգա 1-ի չեմպիոն է: