Ապրիլի 6-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 650 հազար 384-ի: Մեկ օրում արձանագրվել է 376 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1մլն 629 հազար 266։
Վրաստանում Pfizer-ով պատվաստումը վերսկսվել է: Քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրել Pfizer պատվաստանյութը պատվաստումների գրանցման Booking.moh.gov.ge կայքում։
Երեկ մեկնարկել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Բրյուսել։ ԱԳ նախարարը ապրիլի 6-8-ը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։
Դարչիաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ։
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի խոսքով, Արևմուտքը համոզված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության և դրանց երկարաձգման անհրաժեշտության մեջ։ Հարցելը խոսել է նաև այն մասին, թե ինչ է ակնկալում ԵՄ-ն Վրաստանի նման գործընկերներից, ավելին՝ այստեղ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Վրաստանին աջակցող օրինագիծը։ Այն ստացել է երկկուսակցական լիակատար աջակցություն։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեի 2023 թվականի տարվա բյուջեի քննարկմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցներին, այդ թվում՝ Վրաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղիները։
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությանը և նշել, որ նման մեկնաբանությունները վնասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին։ Մանրամասն՝ այստեղ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ ուկրաինական հետախուզության տարածած տեղեկատվությունը մաքսանենգության (ռուսական, խմբ․) սխեմային Վրաստանի մասնակցության մասին «լուրջ խնդիր» է, որը պետք է լուծվի հատուկ կառավարական ուղիներով, այլ ոչ թե լրատվամիջոցներով։ Նրա խոսքով, կառավարությունների հակասությունից շահում է միայն Ռուսաստանը։
Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներ Դավիթ Թարխան Մոուրավին և Իրմա Ինաշվիլին հանդիպումներ են անցկացնում Ռուսաստանում։ Այցի ընթացքում «Հայրենասերների դաշինքի» անդամները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի հետ։
Երեկ՝ Վրաստանի Գորիի Աձվի գյուղի մոտ ռուսական ուժերի կողմից ապօրինի ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Քուջոշվիլին։
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին երեկ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Պապուաշվիլին այցելել է նաև Երևանում գործող թբիլիսահայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարան:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։
Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը սկսում է ուսումնասիրել ոչ վրացալեզու դպրոցների դասագրքերի հետ կապված խնդիրները և էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիությունը։
Վրաստանի բուհերի բակալավրիատում սովորող ուսանողները ուսմանը զուգընթաց կկարողանան անցնել ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, իսկ ավարտելուց և բակալավրի աստիճան ձեռք բերելուց հետո աշխատել որպես ուսուցիչ։
Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 652 հազար 96 քաղաքացի, ինչը կազմում է երկրի բնակչության 17,5 տոկոսը։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ միայն վերջին երեք ամսում պետությունից դրամական օգնություն ստացողների թիվն ավելացել է 8 929-ով, ավելին՝ այստեղ:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ վառելիքի գնի նվազում են ակնկալում։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կսկսի վերանորոգել Մետեխի կամուրջը։ Ծրագրի արժեք կազմում է 2 մլն լարի (մոտ 670 հազար դոլար)։ Մանրամասն՝ այստեղ:
Ապրիլի 6-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,18 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0839 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն ամրապնդվել է 1,89 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3633 լարի։
Եվ վերջում՝ առաջիկա օրերին Վրաստանում կանխատեսվում է եղանակի վատթարացում, տեղումներ՝ անձրևի տեսքով, ուժեղ քամի և մառախուղ։