Երեկվա օրը համառոտ. ապրիլի 29

Ապրիլի 29-ին, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց, իշխող կուսակցությունը հանրահավաք էր անցկացնում՝ ի պաշտպանություն «Գործակալների մասին օրենքի», որը հայտնի է «ռուսական օրենք» անվամբ: Իշխող կուսակցությունը հարյուրավոր մեքենաներով մարզերից հազարավոր մարդկանց էր բերել՝ աջակցելու «Գործակալների օրենքին»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանքի» անցկացրած «Հանրային ընդհանուր հավաքին»` վերջինս բնորոշելով որպես «պուտինիստական ցույց», որին մասնակցում էին պետական ​​աշխատողները։

Շուրջ 9 ժամ տևած խորհրդակցությունից հետո իրավական հարցերի հանձնաժողովը լիագումար նիստում միաձայն կողմ է արտահայտվել «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցմանը։

Վրացի դիվանագետները հայտարարություն են տարածել խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» քննարկմանը և դրա դեմ շարունակվող բողոքին առնչվող։ Տեքստում, որը ստորագրել են 57 նախկին բարձրաստիճան դիվանագետներ, ասվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշումներով 180 աստիճանով շրջել է երկրի արտաքին քաղաքական կուրսը։

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված Դիսևի գյուղի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի — հեղ.) մերձակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու:

Մայիսի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի մեկնելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և 30 օր անընդմեջ մնալու այդ երկրում:

Վրաստանի դպրոցների որոշ ուսուցիչներ ևս միացել են բողոքի ալիքին ընդդեմ «ռուսական օրենքի» և իրենց աջակցությունն են հայտնում խնդրահարույց օրենքի դեմ պայքարող քաղհասարակությանը։

Հանրահայտ դերասան Զուրա Կղիփշիձեի թոռնուհին, հայկական արմատներով վրացի դերասանուհի Նատալիա Կղիփշիձեն սոցցանցերում անդրադարձել է վերջին շրջանում իր նկատմամբ ծավալվող ագրեսիվ մեկնաբանություններին։

Ապրիլի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել են Գերմանիայի Լյութերական եկեղեցու Ստորին Սաքսոնիա երկրամասի եպիսկոպոս, Գերմանիայի բողոքական եկեղեցիների միության նախագահ Ռալֆ Մայսթերի գլխավորած պատվիրակությանը։