Ապրիլի 28-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 132 նոր դեպք: Վարակից մահվան 3 դեպք է գրանցվել։
Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործողներից PCR թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտեֆիկատ չի պահանջվի, ավելին՝ այստեղ:
Վրաստան և Հայաստան մուտքի կանոններն՝ այստեղ:
Վրաստանում մայիսի 1-ից սպասվում է անձնագրերի և ինքնությունը հաստատող քարտերի գնի բարձրացում, սակայն այսօր ներառյալ դիմելու դեպքում քաղաքացին կվճարի մինչ այս գործող գինը` 100 լարի (մոտ 32 դոլար)։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թբիլիսիի թիվ 41 հանրակրթական դպրոցի ուկրաինացի աշակերտներին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ. «Ես խոսել եմ նախագահ Մայա Սանդուսի հետ՝ Մոլդովայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վրաստանը համերաշխ է Մոլդովայի հետ, մեզ միավորում է եվրոպական ընդհանուր ուղին»:
Մայիսին Թբիլիսիում կսկսվի նոր զբոսայգու կառուցումը հինգ հազար քառակուսի մետր տարածքում՝ Իվերտուբանի թաղամասի Խերխեուլիձե փողոցի մոտ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Սոխումիում և Ցխինվալիում նոր արյունալի պատերազմ «կարող են որոնել Արեստովիչը, Սաակաշվիլին և մյուսները, բայց դա պետք է բացառել»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա ընդգծեց ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին ռազմական աջակցության անհրաժեշտությունը։
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովն ասել է, որ ուկրաինական կողմը զարմացած է Վրաստանում ներքին քննարկումներից՝ կապված այսպես կոչված պատերազմի կուսակցության և երկրորդ ճակատի բացման հետ:
Վրաստանի պետական սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտին՝ մեկ ամսում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 45 հազար 068 քաղաքացի։
Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կարծիքով՝ կալանքի տակ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին որոշումը պետք է կայացվի անհապաղ, այդ թվում՝ Վրաստանից դուրս բժշկական օգնություն ցուցաբերելու միջոցով։
Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը նշում է, որ Վրաստանի կառավարությանը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ը, մինչև ժամը 18:00-ն վերջնաժամկետ է տրված Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու համար։
Թբիլիսիի Իսանի-Սամգորիի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով մեղադրվում է ծնողների կանխամտածված սպանության մեջ։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր ուսումնասիրության համաձայն՝ հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե հաջորդ շաբաթ անցկացվեին խորհրդարանական ընտրություններ՝ հարցվածների 31 տոկոսը պատասխանել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի օգտին։
Եվ վերջում՝ ապրիլի 28-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,08 թեթրիով, ինչով պայմանավորված՝ մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0597 լարի։ Սզգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 2,09 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2157 լարի։