Ապրիլի 25-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք: Վարակից մահվան դեպք չի գրանցվել։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ 50 տարեկանից բարձր քաղաքացիներին խորհուրդ է տրվում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը։
Վրաց ուղղափառ եկեղեցին երեկ նշում էր ննջեցյալների հիշատակության օրը՝ մեռելոցը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Կիևը իր դեսպանին Թբիլիսի կվերադարձնի այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները աջակցություն ցույց տան Ուկրաինային։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ «հենց այն արժեքները, հարաբերությունները, որ դարեր շարունակ մեր ժողովուրդն ունեցել է ուկրաինացի եղբայրների հետ, պետք է գնահատել երկստեք»։
Վրաստանի առողջապահության նախարարության զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 4 601 անապահով քաղաքացի, ավելին՝ այստեղ։
Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիևն ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից «Բարև ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառմամբ:
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել արևմտյան Վրաստանի Մարտվիլիի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալի մասնակցությամբ։
Թբիլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը փոխանցել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաքին։ Թբիլիսիի պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Գվադալահարայում տեղի ունեցած «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» կարգավիճակի փոխանցման արարողությանը։
Վրաստանում այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցը կավարտեն մայիսի 20-ին։
Վրաստանում երեկվանից՝ ապրիլի 25-ից վարորդական իրավունքի գործնական քննությունը պարտադիր է B և BE կատեգորիաների համար իրական երթևեկությամբ։