Ապրիլի 21-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 223 նոր դեպք: Վարակից մահվան դեպք չի գրանցվել։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Կուսակցությունը նշել է ձեռքբերումների մասին, որոնց թվում ընդգծվում է այն, որ իրենց կառավարման տարիներին երկրում պատերազմ չի եղել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հանդիպել են ու քննարկել Ուկրաինայում շարունակվող պատերազմը, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ջիհադ Ազուրի և ԱՄՀ առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնսի հետ։ Նախարարության տվյալներով՝ բանակցությունների ընթացքում ֆինանսների նախարարն ընդգծել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում։
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ այսպես կոչված սահմանի անցակետերի ժամանակավոր բացման մասին։
Վրաստանի հանրակրթական հաստատություններում փոխվել են առաջին դասարան ընդունվելու և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները, ավելին՝ այստեղ:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) նախորդ եռամսյակի համեմատ աճել է 4,2 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 3,4 տոկոս։
Մառնեուլիի շրջանի Կիրովկա գյուղի բնակիչները որոշել են գյուղն անվանել «Մծվանե գորա» և տրաֆարետը թարգմանել ադրբեջաներեն։
Մարտվիլիի շրջանում 14-ամյա դեռահաս աղջնակի են որոնում:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit) իրավիճակի մասին տարեկան զեկույցը, որտեղ երևում է, որ Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է։
Վրաստանի ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հանդես է եկել Վրաստանում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության խորհրդանիշներն արգելելու նախաձեռնությամբ։
Ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը երեկ՝ ապրիլի 21-ին արժանացավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի։ Մարզիկը 51 կգ քաշային կարգում մենամարտել է ալբանացի բռնցքամատիկի հետ և պարտության մատնել։
Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները դասապրոցեսը լսարան տեղափոխելու դեմ բողոքի ցույց են անցկացրել։
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI) հերթական հարցումներն է անցկացրել, ըստ որոնց՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Վրաստանում հասարակության վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, և այժմ հարցվածների մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների սահմանափակմանը։
Վրաստանում հարցվածների 81 տոկոսը կարծում է, որ իրենց ընտանիքների տնտեսական վիճակը կվատթարանա ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։
Ըստ հարցվածների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմից հետո Վրաստանի բնակչությունը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի վրա մեծացել է:
Վրաստանում Զատկի տոներն են՝ Ավագ ուրբաթ, Ավագ շաբաթ, Հրաշափառ Հարություն, Մեռելոց (Զատիկի հաջորդ երկուշաբթին): Սուրբ Զատիկը ապրիլի 24-ին է, հետևաբար ապրիլի 22-25-ը փակ կլինեն պետական կառույցները, դպրոցներն ու մանկապարտեզները, ավելին՝ այստեղ:
Ապրիլի 21-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,85 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0358 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2,41 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3105 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանում ապրիլի 23-24-ը հիմնականում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը կբարձրանա բոլոր շրջաններում, որոշ մարզերում հնարավոր են անձրևի տեսքով տեղումներ։