Երեկվա օրը համառոտ. ապրիլի 2

Նոր նախարարություն ու կադրային փոփոխություններ Վրաստանում: Պաատա Սալիան կզբաղեցնի Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը: Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին կփոխարինի Անրի Օխանաշվիլին. նա նախկինում արդարադատության նախարարն էր։ Իսկ ահա Լիլուաշվիլիի համար նոր նախարարություն են ստեղծում՝ տարածաշրջանային զարգացման նախարարություն:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը ապրիլի 2-ի դրությամբ: Ցուցակում ավելացվել է 13 գրառում: Սա ներառում է այդ անհատների և նրանց կողմից վերահսկվող ակտիվների գրավումը: Արգելանքը կտարածվի նրանց հաշիվների, այլ ակտիվների և տնտեսական ռեսուրսների վրա:

Վրաստանում տարիներ շարունակ արտադրվել ու վաճառվել է կաթնամթերք, որի ստացման համար անասուններին կերակրում էին հավի ծերտով. կերակրման այս եղանակը վտանգավոր է և արգելված է Եվրոպայում: Վրաստանի բնակչությունն ահազանգել է, որ իրենց ձեռք բերած կաթնամթերքի մեջ ևս անթույլատրելի նյութեր են եղել: Այս խնդիրը բարձրաձայնվել է վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողական հետաքննությամբ:

«Վրացական երազանք»-ի կառավարության էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։ Տեղեկությունը, որին կցված է հանդիպման լուսանկարը, տարածել է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Լիտվան հանել է Վրաստանին 2025 թվականի կիսամյակային փոխանակման ծրագրերի կրթաթոշակների ցանկից: Վրաստանն այլևս նշված չէ այն կայքում, որտեղ թվարկված են կրթաթոշակային երկրները 2025/2026 ուսումնական տարվա փոխանակման ծրագրերի համար:

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու համար ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին 50 հազար լարիի չափով գրավ է սահմանվել: Դատարանը, այսպիսով, բավարարեց դատախազի միջնորդությունը։

Միջազգային հեղինակավոր World Press Photo կազմակերպությունը հայտարարել է, որ կբարելավի մրցույթի կանոնները. սա կազմակերպության պատասխանն է վրացի ֆոտոլրագրողների և ֆոտոփաստագրողների քննադատությանը, որի պատճառը Կրեմլի «ՏԱՍՍ» լրատվական գործակալության աշխատակից Միխայիլ Տերեշչենկոյին որպես 2025 թվականի մրցույթի հաղթող ներկայացնելն է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբային հրավիրել է մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։

Փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլիի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) վարույթ է ընդունել դերասան Անդրո Ճիճինաձեի գործը և սկսել քննությունը։

Բաթումիի քաղաքային դատարանում քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը հետևում են Վրաստանում մի շարք երկրների դեսպանատներ։

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունների համաձայն՝ հանրահավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ կիրառվում են անօրինական գործողություններ:

Թբիլիսիի մետրոյի ամենամարդաշատ կայարաններից մեկի՝ «Վարկեթիլի»-ի վերականգնողական աշխատանքը կավարտվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբերին։

«Վրացական երազանք»-ի կառավարությունը նախաձեռնել է Գիտությունների ազգային ակադեմիայի մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, ըստ որի` կավելանան Գիտությունների ակադեմիայի անդամների աշխատավարձերը։

UFC-ի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին գերթեթև քաշային կարգում UFC-ի տիտղոսը կպաշտպանի Շոն Օմալիի դեմ հունիսի 7-ին:

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման համար մեղադրանք է առաջադրվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1990 թվականին ծնված Մ.Վ.-ին։ Նրան ձերբակալել են։