Ապրիլի 12-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 631 հազար 846։
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Վրաստանում սկսվել է կիրառվել կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված «Պաքսլովիդ» դեղամիջոցը, որով դեռևս միայն մի քանի հիվանդ է բուժվում։
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շրջանում հաճախ են խոսում Ռուսաստանի կազմ մտնելու մասին: Հարավային Օսիայից հնչող այս հայտարարությունները թերևս կայծ դարձան՝ վրացական քաղաքական դաշտում նոր լարված իրավիճակի ստեղծմանը: Այս ամենն ավելի բորբոքվեց, երբ ռուսական կողմից հնչեցին նաև Աջարիայի հնարավոր անկախացման մասին լուրերը։ Ամբողջական նյութն՝ այստեղ:
Վրաստանի նախագահի աշխատակազմը «Ալտ-Ինֆո» լրատվական գործակալության ներկայացուցիչներին թույլ չի տվել ներկա գտնվել ճեպազրույցին:
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են հանրայնացնել Եվրամիության թեկնածուի հարցաշարը, ինչին ի պատասխան «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն նշել է, որ հարցաթերթիկը հանրայնացնելու կանոնները սահմանում է ԵՄ-ն։
Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ պատրաստվում են մեկնել Ուկրաինա։
«Ալիք» շարժման անդամները ցույցեր են անցկացնում Թբիլիսիում «հրաժարական տուր» խորագրով՝ պահանջելով իշխանության հրաժարականը։ Առաջին ակցիան անցկացվել է երեկ՝ ապրիլի 11-ին, Թբիլիսիի ավագանու շենքի մոտ՝ Ազատության հրապարակում։
Թբիլիսիի սակրեբուլոյում էթնիկ փոքրամասնությունների համակարգող խորհրդի շրջանակներում կայացել է ճանաչողական հանդիպում մայրաքաղաքի շրջանների ղեկավարների հետ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են «հանցավոր աշխարհում» ներգրավված ինը քաղաքացու:
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկիի խոսքով՝ «Վրաստանը դարձել է ժողովրդավարական պետություն, Եվրամիության ասոցացված անդամ, ազատ տեղաշարժով և ազատ առևտրի ռեժիմով, այս ամենը տեղի է ունեցել 2014 թվականից ի վեր»:
Լատվիայից Թբիլիսի ժամանած դասախոսները դարձել են տաքսու վարորդի խարդախության զոհ։
Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն հայտարարել է, որ Inter Trans ընկերությունը, որը Ռուսթավիից Թբիլիսի և հակառակ ուղղություններով դեղին միկրոավտոբուսներով ուղևորներ է տեղափոխում՝ կտուգանվի 1 100 լարիով (մոտ 367 դոլար), քանի որ առանց նախապես տեղեկացնելու թանկացրել են ուղեվարձը։
Արևմտյան Վրաստանի Աբաշիի շրջանի Մառնի գյուղում կհիմնանորոգվի 19-20-րդ դարում կառուցված մշակույթի յուրահատուկ տունը։
Ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել Բաթումիում. ծառեր են ընկել, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, մեքենաներ:
Ուժգին քամու պատճառով Գորիի շրջանի 4-րդ հանրակրթական դպրոցի մարզադահլիճի և գործարանի հարակից բնակավայրի տարածքում գտնվող երեք բնակելի շենքերի տանիքը վնասվել է։
Ախալքալաքում տեղի է ունեցել Gipa Media Lab նախագծի լուսանկարչության դասընթացի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Շուրջ երկու ամիս տևած դասընթացը, որը նախատեսված էր Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի մարզերում բնակվող երիտասարդների համար, բաղկացած էր մուլտիմեդիա պատմության, լուսանկարչության և ֆիլմարտադրության փուլերից։
Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում թռիչքները 2021 թվականի համեմատ աճել են 53 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ՝ նվազել 33 տոկոսով։ Անցած երեք ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ 22 հազար 205 թռիչք է իրականացվել: