Ապրիլի 11-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 651 հազար 577-ի: Մեկ օրում արձանագրվել է 107 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.95 տոկոս:
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հույս է հայտնել, որ համավարակը շատ շուտով կավարտվի։
Կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Մենք դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած Ուկրաինայում կատարվող դժբախտությանը, ողբերգությանը և պատերազմին: Ուստի մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը»:
Այսօր Լյուքսեմբուրգում Վրաստանին հանձնվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ինքնագնահատման հարցաշարը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է աջակցել Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Բորելը, սակայն, հավելել է, որ օրենքի գերակայության խթանումը վճռորոշ կլինի։
Կառավարության նիստից հետո Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի ամրապնդման և համաշխարհային շուկայում նավթի գների նվազման ֆոնին վառելիքի գնի իջեցում է նախատեսվում։
Կառավարության նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ նախորդ իշխանությունների օրոք վառելիքի և նավթի ներկրումը մենաշնորհված էր։
Վրաստանում ապրիլի 11-ից բժիշկը պարտավոր է դեղորայք նշանակել միայն ջեներիկ (վերարտադրված) անվանումով։
Վրաստանի խորհրդարանում Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակության անդամների հետ։ Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրում ընթացող բարեփոխումները և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ խորհրդարանական մեծամասնության անդամները պատրաստ են այցելել Ուկրաինա։
Վրաստանի պետական աուդիտը պարզել է, որ երկու տարվա ընթացքում Գորիի բյուջեից ահռելի գումարներ են փոխանցվել խաղային հաշիվներին։ Հափշտակվել է 500 հազար լարի (164 հազար դոլար)։
Ուկրաինայի պետական փոստի (Ukrpost) տվյալներով՝ Վրաստանը 191 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում Ուկրաինային մարդասիրական օգնություն (400 տոննա) փոխանցելու ծավալով
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ փուլ է անցկացվելու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրորդ փուլը Գագլոևի և Բիբիլովի մասնակցությամբ կանցկացվի ապրիլի 24-ին։
Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Կրեմլի որոշումը, որով Ռուսաստանը սահմանափակում է վրացական ccentnews.ge լրատվական պարբերականի հասանելիությունը։
Վրաստանում ազգային միասնական քննությունների գրանցման գործընթացն այս տարի ևս անցկացվում է մի քանի փուլով, գրանցման փուլն արդեն ավարտված է, սակայն մինչև ապրիլի 14-ը, ժամը 18։00-ն դիմորդները կարող են փոխել համալսարանական ծրագրերի հերթականությունը։
Հայաստանում կանցկացվի համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։ Այն կանցկացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ:
Վրաստանում առաջատար ներդրումային բանկի՝ Galt & Taggart-ի տվյալներով Վրաստանը զբոսաշրջությունից առաջին եռամսյակում ստացել է 343,7 մլն դոլար եկամուտ։
Եվ վերջում՝ ապրիլի 11-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,06 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0755 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0,71 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը կազմել է 3,3544 լարի։