Հունվարի 20-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 021 943-ի: Մեկ օրում արձանագրվել էր կորոնավիրուով վարակման 6 351 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 946 255 մարդ։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ հունվարի 20-ից մայրաքաղաք Թբիլիսին կսպասարկեն նոր, թարմացված ու կանոնակարգված, եվրոպական տիպի միկրոավտոբուսները, որոնք շատ ավելի հարմարավետ են երթևեկելու համար։ Ըստ Կալաձեի՝ փետրվարի 1-ից դեղին միկրոավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի սահմանը ապօրինի կերպով հատելու գործով 4 մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Զուրաբ և Շալվա Ծոծորիաները, հունվարի 20-ին ազատ են արձակվել 5000-ական լարի (մոտ 15,000 դոլար) գրավի դիմաց։
Ըստ Վրաստանի Կառավարման մոնիտորինգի կենտրոնի (GMC) հրապարակած տվյալների՝ Ախալքալաքի և Նինիծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը հայտնվել է 2021 թվականին խորհրդարանում խոսափողը տարվա մեջ ոչ մի անգամ չմիացրած իշխող կուսակցության պատգամավորներ ցանկում:
2021 թվականի ընթացքում Վրաստանի խորհրդարանում կայացած 62 լիագումար նիստերի ընթացքում Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին միայն երկու անգամ է միացրել խոսափողը, իսկ Գարդաբանիի ադրբեջանցի պատգամավոր Սավալան Միրզոևը՝ միայն մեկ անգամ։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ 2021-ին Վրաստանից Հայաստան արտահանումը կազմել է մոտ 256 մլն դոլար։
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գործակալությունը հայտնեց, որ Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն և դեսպան Ռևազ Սակվարելիձեն մասնակցել են 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի արարողությանը։
Հունվարի 20-ին Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Լիտվայում հանդիպել է երկրի նախագահ Գիտանա Նաուսեդայի հետ: Նախագահի հետ հանդիպմանն ընդգծվել է Լիտվայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։
Զալկալիանին հանդիպել է նաև Լիտվիայի Արտաքին գործերի նախարար Գաբրիել Լադսբերգիսին: Ըստ Գաբրիել Լադսբերգիսի՝ թեև ռուսական սպառնալիքն այս պահին ուղղված է միայն Ուկրաինայի դեմ, սակայն Ռուսաստանի նպատակը ներառում է նաև Վրաստանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական էջն էլ տեղեկություն տարածեց, ըստ որի վարչապետ Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան։
Երեկ՝ հունվարի 20-ին, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը Վրաստսանի խորհրդարանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հանդիպումից հետո Դեգնանն ասել է, որ «Վրացական երազանքի» առաջնորդների հետ քննարկել են, թե ինչն է լինելու խորհրդարանի գարնանային նստաշրջանում իշխող թիմի առաջնահերթությունը։ Դեգնանն ուրախությամբ հայտնել է, որ մեծամասնության առաջնահերթությունները կլինեն դատաիրավական բարեփոխումները, Ասոցացման համաձայնագրի համաձայն՝ ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցումը և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված աշխատանքը։
2022 թվականի Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը «Վրաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման և խթանման համար» ծրագրում է տարբեր գործողություններ, որոնց համար առանց մրցույթի կծախսի մինչև 12 միլիոն լարի (մոտ 3 մլն 897 հազար դոլար)։ Ըստ վարչության՝ հիմնական առաջնահերթությունը կտրվի միջազգային և ներքին շուկաներում երկրի զբոսաշրջային ներուժի ցուցադրմանը։
Վրաստանի հանրակրթական դպրոցների առաջատարի և մենթորի կարգավիճակ ձեռք բերելու ցանկություն ունեցող ուսուցիչների քննական նյութը 4000 էջ է։ Այս տարի առաջին անգամ ավագ և առաջատար ուսուցիչներին հնարավորություն կտրվի բարձրացնել իրենց կարգավիճակը։
Վրաստանում Apple-ի պաշտոնական գործընկեր IPlus-ը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ IPlus-ը խզել է պայմանագիրը Biohax International շվեդական միկրոչիպեր արտադրող ընկերության հետ, ինչը նշանակում է, որ Վրաստան ենթամաշկային չիպեր այլևս չեն ներմուծվի: IPlus-ը՝ պատճառաբանել է, որ չեն ցանկացել այսպիսով դառնալ քաղաքացիների դժգոհության պատճառ։
Հունվարի 20-ին՝ երեկոյան Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ ողջունելով Ծալենջիխայում ընդհանուր ընդդիմության համաձայնությունը, և Սակրեբուլոյում Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունից Կոռնելի Սալիայի ընտրությունը։ Ըստ Սաակաշվիլիի՝ սրանով լուծվեց Ծալենջիխայի ճգնաժամը։