Երեկվա միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցների կիրառել. Կոբիաշվիլի

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարություն է տարածել մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Կոբիաշվիլին «անընդունելի» է գնահատել Հայաստանի հավաքականի երկրպագուների նկատմամբ իրականացված գործողությունները։

«Այս միանգամայն անընդունելի արարքի պատճառով վիրավորվել են և՛ հյուրերի երկրպագուները, և՛ մեր թիմին հնարավորություն չի տրվել հաղթանակը տոնելու իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունը վնասում է ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա», — նշել է նա:

Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականին և երկրպագուներին, «որոնք իրենց համար ընկերական միջավայր են ստեղծել թե՛ Թբիլիսիում, թե՛ Երևանում», և հույս է հայտնել, որ «և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը կընդունեն ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 2029 թվականին»։

Մարտի 23-ին Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո մի խումբ մարդիկ ներխուժել են «Դինամո Արենա» մարզադաշտի Հայաստանի հավաքականի համար նախատեսված տարածք և թույլ տվել ոտնձգություններ, որը Վրաստանի հասարակության բազմաթիվ անդամներ անընդունելի պահվածք են որակել և ներողություն խնդրել Հայաստանից ժամանած քաղաքացիներից: