
Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում, որտեղ հասարակությունը բողոքում էր ընտրությունների արդյունքների կեղծման դեմ, 20:34-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում հավաքվել է շուրջ 19 հազար 678 մարդ:
Այս տվյալը հրապարակել է հայաստանյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» (UIC) քաղաքացիական կազմակերպությունը, որը աէրոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ:
«Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Օրվա մութ ժամի, թույլ լուսավորության և ծառերի սաղարթների պատճառով հանրահավաքի մասնակիցների մի մասին, թերևս, չի հաջողվել հաշվել»,- հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը:
Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք է ընթացել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ: