Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն ապրիլի 9-ին հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին Եվրոպայում», սկսվել է կուսակցության երիտասարդական թևի ելույթներով և շարունակվել քաղաքական գործիչների ուղերձներով։
ՄԱՇ-ի առաջնորդ Լևան Խաբեիշվիլին հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել է իրենց 4 հիմնական պահանջները և ընդդիմությանը համագործակցության կոչ արել։
Խաբեիշվիլիի խոսքով, որպեսզի Վրաստանը ստանա Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ, առաջին պահանջը մարտի 7-9-ի ցույցերի ժամանակ «Մոլոտովի կոկտեյլներ» նետելու և ոստիկանի մեքենան այրելու մեղադրանքով ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի ազատ արձակումն է։ Հաջորդ պահանջն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված դատավորների հրաժարականն է, մյուսը՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ազատ արձակումը և վերջինը՝ ԵՄ 12 կետերի իրականացումը, հատկապես՝ ապաօլիգարխացման և դատաիրավական բարեփոխումների մասով:
Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մագվելաշվիլին դիմել է հանրահավաքի մասնակիցներին։ Նրա խոսքով, 1989 թվականի ապրիլի 9-ին և այսօրվա ապրիլի 9-ին միավորողն այն է, որ այն ժամանակ էլ, հիմա էլ Վրաստանի իշխանությունը կառավարվում է Մոսկվայից։ Ըստ նրա՝ երբ 4-րդ դարում Վրաստանն ընտրեց քրիստոնեությունը, որոշեց, որ ինքն արևմտյան ազգ է, և դա չպետք է փոխվի։
Հանրահավաքում հնչել է նաև «Սոխումի՜, Ցխինվա՜լի» բացականչությունները, որոնք անհանգստություն են առաջացրել օկուպացված Աբխազիայում մարտի 7-9-ի բողոքի ցույցերի շարքերում։
Ի դեպ, Թբիլիսիի հանրահավաքն ավարտվել է Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության օրհներգերով։