Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին միացել են Վրաստանի ներկայիս՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաքին:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ այժմ ազատազրկված է, Զուրաբիշվիլիի նախաձեռնությանը միանալու մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան գրառմամբ և հրապարակել ստորագրահավաքին միանալու մասին տեքստի լուսանկարը:
Սաակաշվիլին ասել է՝ հիմա քաղաքական ինտրիգների ժամանակը չէ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին սկզբունքային դիրքորոշման համար: Սաակաշվիլիի ստորագրությունը նախագահական նստավայր է տարել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավան:
Մարգվելաշվիլին ստորագրահավաքի տակ ստորագրել է Զուրաբիշվիլիից հետո՝ երկրորդը: Չորրորդ նախագահն ասել է. «Ես ասացի, որ կստորագրեմ միայն այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն ստորագրել: Անոմալիա եմ համարում, որ երկրի նախագահին հնարավորություն չի տրվում հայտնել իր դիրքորոշումը երկրի աշխարհաքաղաքական ընտրության կարևորագույն հարցի վերաբերյալ…»:
Նշենք նաև, որ Զուրաբիշվիլին երեկ Օրբելիանիի պալատում անցկացրել է «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաք-արշավի շրջանակում ամփոփիչ միջոցառումը և հավաքված ստորագրությունները հանձնել Վրաստանում ԵՄ դեսպանին։ Իր հերթին ԵՄ դեսպանն ասել է, որ ստորագրությունները կուղարկի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
Ի դեպ, Եվրախորհրդարանը ձայների 468 կողմ, 99 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Եվրամիության ընդլայնման մասին բանաձևը, 58 պատգամավոր ձեռնպահ է մնացել բանաձևին աջակցելուց։ Եվրախորհրդարանի պատգամավորների ընդունած բանաձևը կոչ է անում Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ, ինչպես նաև՝ Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշման նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսին, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին նամակներ է հղել։
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9 նախապայմանների մասին կարդացեք այստեղ:
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։
ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն