«Մարդը միայն այն ժամանակ է հասնում նպատակին, երբ հավատում է, որ ունի համապատասխան ուժ»,- գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Անդրեաս ֆոն Ֆոյերբախի աֆորիզմը մեջբերելով իր հերթական հաղթանակի մասին է պատմում Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Ջիվան Մկրտչյանը:
Ջիվանի անունը մայր բուհի` Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի կայքէջում հաճախ է հայտնվում․ դեռ առաջին կուրսում ստանձնել էր ԹՊՀ բանագնացներից մեկի պարտականությունները. ծննդվայրի` Նինոծմինդայի Փոկա գյուղի դպրոցներում ներկայացնում էր համալսարանը, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման անդամ էր, ակտիվորեն մասնակցում էր տարբեր մրցույթների ու գիտաժողովների:
Այս անգամ պատվավոր առաջին հորիզոնականին թիմակից Զվիադ Օնիանիի հետ արժանացել են «Ազատ զարգացման և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «խորհրդարանական հանձնաժողովների քննարկումների իմիտացիա» խորագրով նախագծի ընթացքում:
Նախագիծն իրագործվել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում: Մրցույթին մասնակցել են Վրաստանի մասնավոր և պետական բուհերի ուսանողներն ու շրջանավարտները: Նախագծի շրջանակներում նրանք պետք է օրինագծեր կազմեին՝ ուղղելով ընտրական օրենսգրքում եղած խախտումները: