ԵՄ-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է

Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:

Հերչինսկին հիասթափեցնող է անվանել գործընթացը, որի պատճառով Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը գործնականում սառեցված է:

Նրա խոսքով, հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների, ապա հունիսի 27-ին՝ Եվրոպական խորհրդի՝ նախագահների ու վարչապետների մակարդակով, կքննարկվի Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման համար պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը:

«Օրենքի («գործակալների օրենքի»-հեղ.) ընդունումը բացասական ազդեցություն ունեցավ և, ինչպես տեսնում եմ, սառեցվել է Վրաստանի եվրաինտեգրումը, քանի որ եվրաինտեգրումը պահանջում է միաձայնություն: Դուք բոլորդ արդեն լսել եք մի քանի անդամ երկրների հրապարակային հայտարարություններն առ այն, որ չեն սկսի Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, եթե այս օրենքը գործի»,- ասել է ԵՄ դեսպանը:

Ի դեպ, Radiotavisupleba-ն ավելի վաղ հայտնել էր՝ Եվրամիությունը, թերևս, Վրաստանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի: Վրաստանի կառավարության դեմ Եվրամիության նախատեսած պատժամիջոցների թվում կլինեն վիզային սահմանափակումներն ու ֆինանսական պատժամիջոցները:

Ուշագրավ է նաև, որ Վրաստանում ԵՄ դեսպան Ռոբին Դաննիգանը ևս հայտարարել է՝ «շատ դժվար է Վրաստանի հետ շարունակել ամուր գործընկերությունը»: 

Նշենք, որ վերջին շրջանում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հակաարևմտյան նարատիվներ է տարածում: Մասնավորապես, ապրիլի 29-ին, «գործակալների օրենքի» աջակիցների առաջ ելույթ ունենալով՝ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, թե «2008 թվականին Արևմուտքը Վրաստանին ներքաշել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»: Իվանիշվիլին ասել է նաև, թե կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որն այժմ  փորձում է Վրաստանին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելով: