
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության նոր դեսպան Պավել Հերչինսկիի հետ, հայտնում է կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրամիության և Վրաստանի ասոցացման օրակարգի հիմնական ուղղությունները։
«Ընդգծվեց, որ Եվրախորհուրդը, Վրաստանին տալով եվրոպական հեռանկար, հաստատեց, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և Եվրոպական խորհրդի որոշումը հիմք դրեց նոր փուլի, որը պետք է Վրաստանը հասցնի ԵՄ անդամակցությանը:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանն անմիջապես արձագանքել է Եվրոպական խորհրդի որոշմանը և ներկայացրել գործողությունների ծրագիր՝ Եվրամիության 12 առաջնահերթությունների կատարման համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Վարչապետը նշել է, որ առաջնահերթությունների հիման վրա ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը։
Հանդիպմանը նշվել է, որ Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Վրաստանը հաստատակամորեն գնում է եվրոպական ճանապարհով.
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ նոր դեսպանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։
Իրակլի Ղարիբաշվիլին Պավել Հերչինսկուն հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում»: