ԵՄ վիզային ռեժիմ վրացի դիվանագիտների համար

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Դեկտեմբերի 16-ի նիստում Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԵՄ արտգործնախարարների այսօրվա հանդիպմանն այդ որոշմանը կողմ է քվեարկել որակավորված մեծամասնությունը (ԵՄ անդամ երկրների առնվազն 55 տոկոսը, որոնք ներկայացնում են բնակչության առնվազն 65 տոկոսը):

Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ։

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքն այդ հարցով և առաջիկա օրերին կներկայացնի պաշտոնական փաստաթուղթը։

Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը կողմ էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը։ Ըստ Politico պարբերականի՝ լոբբինգ է արել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, որ նաև ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահն է։ Սակայն, դրան դեմ են Հունգարիան ու Սլովակիան։

Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը շարունակվում է, թեև նախարարներն արդեն ավարտել են Վրաստանի վերաբերյալ քննարկումը։ Խորհրդի նիստի ավարտից հետո տեղի կունենա պաշտոնական մամուլի ասուլիս։