Եվրոպական խորհրդարանական «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբի անդամ Մարկետա Գրեգորովան Եվրամիությանը կոչ է արել Վրաստանի օկուպացիային արձագանքել այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում, գրել է netgazeti.ge լրատվականը:
Գրեգորովան Եվրախորհրդարանի ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության և Լևան Դոթիաշվիլիի առևանգման վերաբերյալ բանաձևի համահեղինակն է:
«Ես բռնությամբ խլված մեկ կյանքը հազարավոր խլված կյանքերից չեմ տարբերում։ Դրան ոչ պակաս ուժեղ արձագանք պետք է հետևի։ Երբ ռուսական զորքերը կրակեցին մեր ուկրաինացի հարևանների վրա, մենք անմիջապես արձագանքեցինք և պատժամիջոցներ կիրառեցինք։ Մեր հարևանությամբ կա ևս մեկ օկուպացված երկիր, որի քաղաքացիներին սպանում ու առևանգում է Ռուսաստանը։ Վրաստանն ավելի հեռո՞ւ է։ Այո։ Դա նշանակությո՞ւն ունի: Ոչ: Ես կոչ եմ անում Խորհրդին հաջորդ կամ նոր փաթեթում ներառել Թամազ Գինտուրիի մահվան և վրացիների տառապանքների համար պատասխանատուներին»,- ասել է Գրեգորովան
Ըստ նրա՝ Կրեմլը ցանկանում է, որ վրացիները վախի մեջ ապրեն, որպեսզի հրաժարվեն գնալ եվրոպական ճանապարհով։
Եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան նույնպես կոչ է արել Վրաստանի պատճառով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, մասնավորապես` ընդունել ԵՄ ցուցակը, որը նման է Օթխոզորիա-Տատունաշվիլիի վրացական ցուցակին։
Ի դեպ, Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացիների` Թամազ Գինտուրիի սպանության և Լևան Դոթիաշվիլիի առևանգման վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծը կոչ է անում Խորհրդին ստեղծել ԵՄ պատժամիջոցների ցուցակ՝ հաշվի առնելով Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակը և սահմանել նպատակային պատժամիջոցներ Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների նկատմամբ: