ԵՄ ներկայացուցիչներին մտահոգել են «Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքները

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ու ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը համատեղ հայտարարությամբ արտահայտել են իրենց մտահոգությունը «Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքների վերաբերյալ։

«Նոր օրենսդրությունը, ներառյալ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» և «Հեռարձակման մասին օրենքը», որոնք խորհրդարանն ընդունել է առանց պատշաճ հանրային խորհրդակցությունների, իշխանությանը տալիս է լրացուցիչ գործիքներ այլախոհության ճնշման և ռեպրեսիվ քաղաքականության խստացման համար»,- նշված է հայտարարությունում։

Կալասի և Կոսի խոսքով՝ այդ օրենքները վտանգ են ներկայացնում քաղաքացիական ակտիվիստների գործունեության, անկախ մամուլի և մարդու իրավունքների առումով։

«Այդ քայլերն ավելի են թուլացնում ժողովրդավարության հիմքերը Վրաստանում։ Նման գործողությունները հիմնովին անհամատեղելի են Եվրոպական միության արժեքների հետ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մեդիայի բազմակարծությունը, և շատ հեռու են այն չափորոշիչներից, որոնք մենք ակնկալում ենք թեկնածու երկրից»,- ասված է համատեղ հայտարարությունում։

Հանձնակատարների հրապարակած փաստաթղթում նշված է, որ նոր օրենքները բացասաբար կազդեն Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհի վրա։

«Վրաց ժողովրդի մեծագույն մեծամասնությունն աջակցում է երկրի անդամակցությանը Եվրամիությանը։ Կոչ ենք անում իշխանություններին ցուցաբերել անդառնալի հավատարմություն Եվրամիության ուղուն վերադառնալու համար»,- հայտարարել են Կայա Կալասն ու Մարտա Կոսը։

Նրանք կոչ են արել դադարեցնել քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունը, ազատ արձակել բոլոր անարդարորեն կալանավորված անձանց, կասեցնել ռեպրեսիվ օրենքները, խորհրդակցել Վենետիկի հանձնաժողովի հետ և ներգրավել քաղաքացիական հասարակությանը, նաև բոլոր քաղաքական դերակատարներին բովանդակալից երկխոսության մեջ՝ երկրում ճգնաժամից ելք գտնելու համար։

Նրանք նաև ընդգծել են, որ Վրաստանի վերադարձը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ամբողջությամբ երկրի իշխանությունների ձեռքում է։