Եվրամիությունը զգուշացնում է Վրաստանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ընդդիմադիր կուսակցություններին օրենքից դուրս հայտարարելու ծրագիրը կկործանի երկրի ժողովրդավարությունը` ստիպելով Արևմուտքին կոշտ պատասխան տալ։
Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն խոսել է «Վրացական երազանքի» ծրագրի մասին։ Նա նշել է, որ Բրյուսելն անհանգստացած է անցյալ շաբաթ իշխող կուսակցության ներկայացրած նախաձեռնությամբ, որը վերաբերում է «բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գործունեության արգելքին»։
«Ընդդիմադիր կուսակցությունները, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները կարևոր են կառավարությունների հաշվետվողականությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ապահովելու համար: Բազմակարծությունը ԵՄ անդամակցության գործընթացի կենտրոնական սյունն է», — ասել է Փիթեր Ստանոն:
Նրա խոսքերով, Վրաստանի իշխանությունների գործողությունները սպառնում են Վրաստանի եվրաինտեգրման ուղուն, ինչը հանգեցնում է ԵՄ անդամակցության գործընթացի կասեցմանը։
«Եվրահանձնաժողովը ուշադրությամբ հետևում է Վրաստանում ընթացող զարգացումներին և կառավարության գործունեությանը, պատրաստ է համապատասխան արձագանքով հանդես գալ: Բոլոր տարբերակները սեղանին են, մենք համապատասխան կերպով կգործենք, եթե այդ հայտարարություններն իրականացվեն»,- նշել է Ստանոն։