Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել։ Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը կայացրած պատմական որոշումների համար։
«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»,- ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը։
Մինչ այդ հայտարարվել էր, որ Եվրամիության խորհուրդը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում հաստատել է 10 մլն եվրոյի օգնությունը Հայաստանի զինված ուժերին աջակցելու նպատակով:
Միրզոյանը նշված որոշումներն անվանել է «կարևոր փուլ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման գործում»։
Հիշեցնենք. մայիսի 8-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում ևս մեկ անգամ Վրաստանին առնչվող հարցեր են քննարկել, այդ թվում՝ այն հնարավոր զարգացումները, եթե Վրաստանն ընդունի «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։