Եվրամիությունը հրապարակել է նախորդ ֆինանսավորման ժամանակահատվածում Վրաստանի հետ համագործակցության արդյունավետության և ազդեցության մանրամասն գնահատականը։
Ըստ Վրաստանում ԵՄ ներկայացուցչության, գնահատողների անկախ խումբը վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է 2014-2020 թվականներին Վրաստանին տրամադրված ԵՄ զարգացման օգնության համապարփակ գնահատման վրա: Այն ներառում էր ավելի քան 2000 փաստաթղթերի վերանայում և հարցազրույցներ ԵՄ գործունեությանը ծանոթ շուրջ 100 անձանց հետ:
Գնահատման արդյունքում պարզվել է, որ Վրաստանը Եվրամիության հետ ռազմավարական համագործակցություն է ունեցել, և դրա պլանավորումն ու իրականացումը հիմնված է ամուր ինստիտուցիոնալ կառույցների վրա։ Առաջընթաց է արձանագրվել հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև դրական է գնահատվել վիզաների ազատականացման գործընթացը: Գնահատման մեջ ընդգծվում է, որ բնակչության վստահությունը Եվրամիության նկատմամբ մնում է բարձր։
Եվրամիությունը Վրաստանի ամենամեծ դոնորն է. 2014-2020 թվականներին Եվրամիությունը Վրաստանին օգնել է ընդհանուր 938,4 միլիոն եվրոյով։ Ֆինանսական աջակցության ծավալը 2015 թվականին հատկացված 150 միլիոն եվրոյից 2020 թվականին հասել է 225 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ ամենամեծ գումարը՝ 253 միլիոնը, հատկացվել է գյուղատնտեսությանը, 171 միլիոնը՝ կապերի զարգացմանը, իսկ 168 միլիոնը՝ տնտեսական զարգացմանը։
Գնահատող խմբի կողմից տրվել են հետևյալ ընդհանուր առաջարկությունները.
- ԵՄ-ն պետք է շարունակի օգտագործել գործիքների, մեթոդների և ուղիների լայն շրջանակ, ներառյալ քաղաքականությունը և քաղաքական երկխոսությունը,
- ԵՄ-ն պետք է քննադատական մոտեցում ցուցաբերի՝ կայունություն ապահովելու համար,
- Եվրամիությունը պետք է շարունակի առաջ մղել հրատապ խնդիրները, հատկապես գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ,
- ԵՄ-ի աջակցությունը համագործակցությանը պետք է ռազմավարականորեն սահմանվի՝ արտացոլելու զարգացող աշխարհաքաղաքական համատեքստը: