Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF), հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:
Դեսպանի խոսքով, իրավիճակի հետագա վատթարացման դեպքում այլ միջոցներ կդիտարկվեն։
«Ցավալի է տեսնել, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները գտնվում են այնքան ցածր մակարդակի վրա, երբ դրանք կարող էին լինել ռեկորդային բարձրակետում»,- ասել է Հերչինսկին:
Ուշագրավ է, որ 2021 թվականի դեկտեմբերին EPF-ից Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար հատկացվել է 12 միլիոն 750 հազար եվրո, 2022 թվականի դեկտեմբերին՝ 20 միլիոն, 2023 թվականի մայիսին՝ 30 միլիոն եվրո։
Նշենք, որ EPF-ն ստեղծվել է 2021 թվականի մարտին՝ ֆինանսավորելու համար ԵՄ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) գործողությունները ռազմական և պաշտպանական ոլորտներում՝ հակամարտությունները կանխելու, խաղաղությունը պահպանելու և միջազգային անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով: Մասնավորապես, EPF-ն ԵՄ-ին հնարավորություն է տալիս ֆինանսավորելու ԵՄ երկրների կազմում չգտնվող և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների կարողությունները ռազմական և պաշտպանական խնդիրների առնչությամբ հզորացնելու գործողությունները: Հիմնադրամի մյուս շահառուներն էին Ուկրաինան, Աֆրիկյան Միությունը, Նիգերիան, Մոզամբիկը, Բոսնիա և Հերցեգովինան ու Մալին: