Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Եվրամիությունը պետք է ապացուցի Վրաստանին, որ հարգում է նրա արժանապատվությունը, նաև պետք է պաշտպանի Վրաստանի ազգային շահերն ու ավանդական արժեքները»։
Կոբախիձեն այս հայտարարությունն արել է խորհրդարանի այսօրվա նիստի իր ելույթում։ Խորհրդարան, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահն ու խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմությունը։ «Վրացական երազանք»-ի անդամները ողջունել են նրա հայտարարությունը։
Խոսելով Եվրամիության մասին՝ Կոբախիձեն կրկնել է, որ կառավարության նպատակը Վրաստանի անդամակցությունն է Եվրամիությանը մինչև 2030 թվականը, թեև Եվրամիությունն ունի պայմաններ, որոնք Վրաստանը հաշվի կառնի, եթե չհակասի երկրի ազգային շահերին:
«Մենք պատրաստ ենք դիտարկել և հաշվի առնել բոլոր պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, բայց այստեղ անցնում է որոշակի գիծ, որը նորից ու նորից ասոցացվում է արժանապատվության հետ։
Մի բան եմ ուզում ասել. Եվրամիությունը նույնպես պետք է ապացուցի, որ հարգում է մեր արժանապատվությունը։ Երբ մենք խոսում ենք խաղաղությամբ դեպի Եվրոպա ընթանալու մասին, իհարկե` Եվրամիությունը ևս պետք է մեզ ապացուցի, որ իրենց համար սկզբունքորեն կարևոր է խաղաղությամբ ընթանալը դեպի ԵՄ»,- ասել է Կոբախիձեն։