Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, տեղեկացրել է Եվրահանձնաժողովը:
«Մոտ երկու շաբաթ վրաց ժողովուրդը պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները՝ բախվելով ոստիկանության դաժան, անօրինական ուժին», — ասված է դեկտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը դատապարտում է «ճնշիչ գործողությունները ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։
Եվրամիությունն իշխող «Վրացական երազանք»-ին կոչ է անում դադարեցնել «համատարած ահաբեկումները, քաղաքական հետապնդումները, ենթադրյալ խոշտանգումները և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։
«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին մեղմացնել և վերջ տալ այս իրավիճակին, որը մեծ գին է վրաց ժողովրդի համար: Բռնությունը պատասխան չէ Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի վերաբերյալ ցուցարարների պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի գործողություններն են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման պատճառ դարձել. «Ժողովրդավարական շարունակական հետընթացը և կառավարության կողմից վերջին շրջանում ռեպրեսիվ միջոցների կիրառումը հետևանքներ կունենան մեր երկկողմ հարաբերությունների վրա»:
Հիփերը հաստատել է՝ Վրաստանի հարցը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն դեկտեմբերի 16-ին նախատեսված նախարարական հանդիպմանը և կորոշեն «լրացուցիչ միջոցները»։
Դեկտեմբերի 9-ին այս խնդրի մասին խոսել է նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Նրա խոսքով, վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող զարգացումները պահանջում են Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառում: Հերչինսկին նաև ասել է՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը պատասխան միջոցներից մեկն է:
Նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության պատճառով Թբիլիսիում և այլ քաղաքներում ցույցեր են անցկացվում արդեն տասներեքերորդ օրը։ Ոստիկաններն ու հատուջոկատայինները բռնի ուժով ցրում են ցուցարարներին: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին:
Կոբախիձեն հայտարարել էր՝ իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չբերել Եվրամիության հետ Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը, իսկ մինչև 2028 թվականի վերջ հրաժարվում են ԵՄ բյուջետային դրամաշնորհներ ստանալ։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել հանրահավաքի շուրջ 400 մասնակցի: Բերման ենթարկելու ընթացքում և դրանից հետո բազմաթիվ մարդիկ ծեծի են ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք։