Եվրամիությունը դատապարտում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ հապճեպ ընդունումը, սեպտեմբերի 4-ին հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Վրաստանի խորհրդարանում ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի երկորդ ընթերցմամբ ընդունմանը։
Ստանոյի հայտարարության մեջ նշվում է, որ օրինագծերի փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները։
«Այդ փաթեթը խաթարում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և ստեղծում բնակչության մի հատվածի խարանման և խտրականության խստացման վտանգ։
Եվրամիությունը մտահոգություն է հայտնում, որ Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին ծանր հետևանքներով օրենսդրությունն ընդունվել է առանց պատշաճ հանրային խորհրդակցությունների և եվրոպական ու միջազգային չափանիշներին համապատասխանության մանրակրկիտ վերլուծության»,- նշել է Ստանոն:
Նա ընդգծել է՝ մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը ԵՄ ընդլայնման գործընթացի հիմքն է, որը գնահատվում է ամեն տարի Եվրահանձնաժողովի՝ ընդլայնման վերաբերյալ զեկույցում: Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ամբողջությամբ վերանայել այդ օրենսդրական փաթեթը։
Ի դեպ, սեպտեմբերի 4-ին խորհրդարանի լիագումար նիստի 2-րդ ընթերցմամբ 81 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։