Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ են արձագանքում «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունմանը՝ ևս մեկ անգամ կոչ են անելով Վրաստանի կառավարությանը հետ կանչել օրենքը։
Նրանք ընդգծել են՝ Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին, աջակցում է նրա ընտրությունը՝ հօգուտ ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի։ ԵՄ ներկայացուցիչների խոսքով, քաղհասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների և լրագրողների, ինչպես նաև նրանց ընտանիքների նկատմամբ ահաբեկումը, սպառնալիքը և ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է:
Բորելը և Եվրահանձնաժողովը մայիսի 14-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վրացական իշխանություններին հետաքննել ահաբեկման, սպառնալիքների և ֆիզիկական բռնության դեպքերը։ Հայտարարության հեղինակները կրկնում են, որ Եվրախորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել այն վերապահումով, որ առաջընթաց կարձանագրվի Եվրոպական հանձնաժողովի համապատասխան առաջարկությունների հիման վրա։
Բորելը և Եվրահանձնաժողովը շեշտել են՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած մեծ բողոքին և միջազգային հանրության միանշանակ կոչին։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։