Եվրամիությունը չպետք է ճանաչի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
Ռոթն ասել է՝ եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այդքան վստահ է իր ազնիվ հաղթանակին, ապա, անշուշտ, անմիջապես անկախ հետաքննություն կսկսի կեղծիքների մասին բոլոր մեղադրանքների վերաբերյալ:
«Դրանից հետո նոր ընտրությունների մասին որոշում պետք է կայացվի անկախ զեկույցի հիման վրա»,- շեշտել է Ռոթը:
Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվել են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:
Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:
Հոկտեմբերի 26-ի ընտրություններին արձագանքել են միջազգային հանրությունը, արևմտյան գործընկերները (1, 2, 3, 4), և բոլորը խոսել են ընտրական գործընթացի խախտումների մասին։ Արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։
Եվրախորհրդի հանձնաժողովը ԿԸՀ-ին կոչ է արել հետաքննել և քննարկել ընտրական գործընթացի խախտումները։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։