
Եվրամիությունը չի ճանաչում Վրաստանի օկուպացված Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիա-հեղ.) անցկացվող, այսպես կոչված՝ խորհրդարանական ընտրությունները, X-ի մի միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:
«Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական դաշտը, որում «խորհրդարանական ընտրություններ» անցկացվեցին Վրաստանի օկուպացված շրջանում՝ ինքնահռչակ Հարավային Օսիայում: Եվրամիությունը շարունակում է մնալ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը», – գրել է Ստանոն:
Հիշեցնենք, որ օկուպացված Ցխինվալիի շրջանում, այսպես կոչված՝ խորհրդարանական ընտրություններ են կայացել: Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում անցկացված ընտրությունները։
Ընդգծենք` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանը Վրաստանի երկու շրջանները` Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչել է որպես «անկախ պետություններ»։